ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Երեկ երեկոյան թիմը ժամանել է ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի պատվիրակության կազմում Սկոպիե մեկնած, ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանի հետ.
«Երեկ երեկոյան ժամանեցինք Մակեդոնիա և հենց երեկ էլ հավաքականն անցկացրեց առաջին մարզումը: Տղաների տրամադրությունը նորմալ է, բոլորը կազմ ու պատրաստ են, իսկ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն Կիպրոսում հանդես եկող Արմեն Դանիելյանը, ով, հավանաբար, թիմին կմիանա արդեն Բուլղարիայում: Այս պահին պատրաստվում ենք մեկնել Նեգոտինո քաղաք, որտեղ էլ կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի հավաքականների միջև հանդիպումը: Այն կսկսվի Երևանի ժամանակով 21.00-ին»:







































