
Մինչ Հայաստանում բնակչությունը և բիզնեսը փորձում են ուշքի գալ ֆինանսական շոկից, որի ավարտվելու մասին տեղեկությունները անկասկած դեռևս կարող են չափազանցված լինել, Եվրախորհրդարանում վավերացվել է Հայաստանի հարևան Վրաստանի Եվրամիության հետ Ասոցացման ու Ազատ և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը:
Ու սա բոլորովին այն դեպքը չէ, որ նկարագրվում է հայտնի անեկդոտում՝ «իբր ամեն ինչ լավ էր, հարևանս էլ նոր մեքենա գնեց»: Այստեղ լիովին հակառակն է՝ Հայաստանի համար ուրախալի է հարևան Վրաստանի հաջողությունը եվրաասոցացման գործընթացում, որովհետև Եվրասիական միության ցանցում հայտնված և դեռևս լիարժեք մուտքի շեմին արդեն իսկ ֆինանսատնտեսական շոկեր ապրող Հայաստանի համար Վրաստանը շատ կարևոր տարածաշրջանային օդանցք է դեպի Եվրոպա:
Վրաստանը Կովկասի եվրոպական խարիսխն է այսօր, և այդ խարիսխը միգուցե լինի այն ճակատագրական գործոնը, որը թույլ կտա կովկասյան նավը կապված պահել եվրոպական ափերին, քաղաքակրթական ափերին, թեկուզ այն դեպքում, երբ նավը շարունակում է զավթված մնալ կամ մնալ եվրասիական ծովահենների գերիշխանության տակ: Եվրասիական միությունը, միևնույն է, ապագա չունի, և դրա մասին էր վկայում Պուտինի երեկ տեղի ունեցած ասուլիսը, որտեղ հնչած հարցերի և պատասխանների մեջ Եվրասիական միությանը եզակի անդրադարձ է եղել, որի ընթացքում, սակայն, չի հնչել քիչ թե շատ հիշարժան ոչ մի հայտարարություն` վկայելով, որ այդ նախագիծն, ըստ էության, չափազանց աննշան է ոչ միայն մամուլի համար՝ վկան հարցերի բացակայությունն է, այլ նաև ըստ էության Պուտինի համար՝ վկան պատասխաններում ԵՏՄ-ին վերաբերող որևէ քիչ թե շատ հիշարժան հայտարարության բացակայությունն է:
Ու սա այն դեպքում, երբ թվում է, որ պետք է լիներ հակառակը, և այդ նախագիծը պետք է լիներ առանցքային թեմաներից մեկը, քանի որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը: Այսինքն` Պուտինի երեկ տեղի ունեցած ասուլիսը ԵՏՄ-ի մեռելածին լինելու ծանրակշիռ մի վկայություն էր:
Այս ամենին զուգահեռ` հետաքրքրական է, որ երեկ Բրյուսելում էր Սերժ Սարգսյանը՝ ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Եվրամիությունը վերջին օրերին մի շարք հետաքրքրական հայտարարություններ է արել Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասով: Հայտարարություններ են հնչել ֆինանսական աջակցության մասին: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարծեք թե նոր միս ու արյուն ստանալու ճանապարհին են՝ մեռելածին ԵՏՄ-ի ֆոնին:
Հայաստանի իշխանություններից այս դեպքում սպասումներ լինել չեն կարող, քանի որ եթե ինչ-որ շարժ կա Եվրամիության ուղղությամբ, ապա անկասկած է, որ այդ շարժը պայմանավորված է սեփական իշխանության համար երաշխիքներ ապահովելով՝ ԵՏՄ-ի երաշխիքները չաշխատելու պարագայում: Իրավիճակը պետք է կարողանա օգտագործել Եվրամիությունը և դասեր քաղելով առաջին անհաջող փորձից` ոչ միայն ինքը խուսափի անարդյունավետ քայլերի կրկնությունից, այլ ըստ էության նաև Հայաստանի իշխանություններին զրկի նման կրկնությունների հնարավորություններից: