
Երեկ Հայաստանի շուկան խուճապի մեջ էր, և դրամը սրընթաց արժեզրկվում էր, իսկ քաղաքացիներին դոլար վաճառող չկար: Այսօր հանկարծ դրամը սկսել է սրընթաց արժևորվել, և քաղաքացիներից դոլարն են սահմանափակ քանակով վերցնում: Հայաստանում իշխանություն, կառավարություն կամ ԿԲ հասկացությունները, ամենայն հավանականությամբ, փոխարինվել են կախարդական փայտիկ հասկացությամբ:
Կախարդական փայտիկով հայաստանյան ֆինանսական շուկան ոչ միայն կայունացել է, այլև, ըստ էության, հակառակ ցնցման մեջ է հայտնվել: Ցնցումը ցնցում է, ի՞նչ տարբերություն, և եթե մի դեպքում շուկան կտրուկ ցնցվում է ազգային արժույթի արժեզրկումից, ապա հետո մեկ այլ կտրուկ պրոցեսը՝ արժևորումը, ըստ էության, եթե ոչ նույնքան, ապա, միևնույն է, բավականին մտահոգությունների առարկա պետք է դառնա, որովհետև ոչ մեկը չգիտի, թե այդ ինչ է կատարվել մեկ գիշերվա ընթացքում, որ իրավիճակը եկել է կայունացման և մի բան էլ հակառակ պրոցեսի:
Այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար գիշերը դարձել է խորհրդանշական քաղաքական կատեգորիա, բոլորիս է հայտնի: Մենք վերջին տարիներին տեսել ենք մի քանի այդպիսի գիշերների հետևանքներ Հայաստանի քաղաքացիների և պետության համար: Օրինակ՝ հայ-թուրքական հայտարարության գիշերը ապրիլի 24-ից առաջ, հետո՝ հայ-թուրքական արձանագրությունների գիշերը, հետո՝ Եվրասիական միությանն անդամակցելու մասին հայտարարության գիշերը, որը խոստովանել էր նույնիսկ Սերժ Սարգսյանը Պրահայում հայկական համայնքի հետ փակ հանդիպմանը: Եվ ահա, այսօր էլ դրամի արժևորման գիշերը, երբ առավոտյան քաղաքացիները ականատես են լինում նախորդ օրը տեղի ունեցածի լիովին հակադիր պատկերին:
Գիշերն ինչ-որ «հրաշքներ» են տեղի ունենում հայաստանյան պաշտոնյաների հետ, կամ ինչ-որ մեկը Հայաստանը տարաբնույթ կերպով կառավարում է, երբ հայաստանյան պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը, կառավարությունն ու ԿԲ-ն, պարզապես քնած են: Երկիրը ղեկավարվում է կախարդական փայտիկով, միայն թե անորոշ է՝ ո՞ւմ ձեռքին է այդ փայտիկը: Պարզ է մի բան, թե քաղաքացիների համար այդ փայտիկն ինչի է ծառայում՝ պարբերաբար: Եվ եթե այս անգամ փայտիկը, ըստ էության, բացառության կարգով քաղաքացիներին կարծեք թե ուրախ նորություն է հայտնում կամ ի ցույց դնում, որ սրընթաց աղքատացման և դեպրեսիայի մշուշը մի քիչ ցրվում է, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարման մշուշը այս ամենից ավելի է խտանում, որովհետև քաղաքացիների և ընդհանրապես պետության համար բնականոնը, անվտանգը ոչ թե արդյունքների դրականի և բացասականի հաշվեկշիռն է, այլ գործընթացն ինքնին, թե որքանով են այդ արդյունքները ստացվում քաղաքացիների համար թափանցիկ, կառավարելի, վերահսկելի, հաշվետու գործընթացով:
Առանց թափանցիկության և հաշվետվության տեսանելի մեխանիզմի աշխատանքի՝ որևէ պետությունում որևէ արդյունքով տեղի ունեցող կառավարման գործընթաց որևէ ոլորտում՝ տնտեսական կլինի, մշակութային, քաղաքական թե ռազմական, վտանգավոր է ի բնե: Կախարդական փայտիկը նախընտրելի է հեփի էնդ-ով ավարտվող հեքիաթներում, մինչդեռ մենք գործ ունենք իրականության, համաշխարհային թեժ մրցակցության հետ, որտեղ պետք է աշխատել գիշեր ու ցերեկ, բայց հաշվետու լինել հասարակությանը: Այլապես անհասկանալի է, թե ի՞նչ կատարվեց ֆինանսական շուկայում, և ինչպե՞ս հանկարծ խուճապը վերածվեց առավել քան կայունության: Փոխարենը ակնհայտ է, որ «կախարդական փայտիկը» լցրել է մի խումբ մարդկանց գրպանները, և շարունակում է իհարկե լցնել՝ այն թանկացումների տեսքով, որոնք արձանագրվել են դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում: