ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն արդյունավետ աշխատանք մաղթելով 2013-ին` անդրադարձավ 2012-ին կատարած աշխատանքներին: Նա նշեց, որ իրենց կողմից իրականացված միջոցառումները թեև ցանկալի վերջնական արդյունքներ չեն տվել, բայց հանգեցել են շոշափելի արդյունքների: Նա նկատեց, որ 2012-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011-ի համեմատ նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010-ի համեմատ նվազումը կազմել է 30 տոկոս:
Զինվորական հանցագործությունների բոլոր դրսևորումները, նրա խոսքով, էականորեն նվազել են նախորդ տարվա համեմատ:
Ըստ նրա՝ 2011-ին գրանցվել է 34 մահվան դեպք, իսկ 2012-ին` մահվան ելքով 26 հանցագործություն, որոնցից 9-ը` հակառակորդի կողմից: Ընդհանուր առմամբ` ՀՀ զինված ուժերում արձանագրված բռնության հետևանքով մահվան դեպքերը 2011-ի համեմատությամբ նվազել են 50 տոկոսով:
Շատ են եղել վթարներ, օրինակ՝ մի վթարի արդյունքում չորս մահվան դեպք է արձանագրվել:
2012-ի իրականացված միջոցառումների շարքում զինվորական դատախազը առանձնացրեց ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը:
Հարցին` Սերժ Սարգսյանի խոստումը` նոր զինդատախաղը հետամուտ կլինի նաև անցյալի դեպքերի բացահայտմանը, արդյոք կատարվե՞լ է, զինդատախազը պատասխանեց, որ կատարվում է:
Գևորգ Կոստանյանը չցանկացավ անդրադառնալ Մատաղիսի գործին` նշելով, որ զինվորական դատախազությունը իրավապահ մարմինների հետ առավելագույնն է անում անպատժելիությունը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե ինքը կարող է դառնալ գլխավոր դատախազ, զինդատախազը նկատեց, որ իր անունը շատ տեղերում է հնչում. «Ես նման հարցերին անլուրջ եմ վերաբերվում, իսկ լուրերը, հրապարակումները չեմ մեկնաբանում»:
«Մենք ժամանակ ունենք Վերաքննիչում բողոքելու կամ չբողոքելու, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Կոստանյանը Մատաղիսի գործը ամենևին էլ չի համարում իր կոկորդին կանգնած ոսկոր, Մատաղիսի գործի մասին կխոսի հետո:









































