
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ մի ուշագրավ դատական գործ է քննվում: Դատավորը կալանք է դրել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի վրա, որը պետք է արդեն իսկ տեղադրված լիներ փոխնակ մոր արգանդում:
Բանն այն է, որ Արմինե Վարդանյանը (անունը փոխված է) առողջական խնդիրներ ունենալու պատճառով դիմել է «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդով երեխա ունենալու համար: Դիմելուց հետո կլինիկայի և Արմինեի միջև կնքվել է պայմանագիր, աղջիկն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, հայտնվել է նաև դոնարը, որն աղջկա նախկին ընկերն է եղել, և տվել է իր համաձայնությունը դոնոր դառնալու համար:
Այս տարվա հոկտեմբեր ամսին կլինիկայի լաբորատորիայում կատարվել է բեղմնավորումը, ստացվել է 8 առողջ սաղմ, որոնք Արմինեի համաձայնությամբ հանձնվել են կրիոսառնապահպանման և պատրաստ են փոխնակ մոր արգանդի խոռոչում տեղադրման համար, սակայն, Արմինեի խոսքով, արդեն իսկ մեկ ամսից ավելի է՝ կլինիկան անհիմն կերպով հրաժարվում է սաղմը տեղադրել փոխնակ մոր արգանդում:
Եվ դա հերիք չէ, հիմա էլ դատարանը կալանք է դրել սաղմի վրա, քանի որ վերջին փուլում դոնորը հրաժարվում է, որ իր սերմով բեղմնավորած սաղմից երեխա ծնվի: Այնինչ համապատասխան օրենքով, դոնորն իր համաձայնությունը տալուց հետո, դադարում է որևէ իրավունք ունենալ սաղմի նկատմամբ:
Հիմա Արմինեն դիմել է դատարան՝ պահանջով՝ պարտավորեցնել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնին կատարելու իրենց միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այսինքն` դոնորի և իր սերմնաբջիջների օգտագործմամբ ստացված առողջ սաղմը տեղադրել փոխնակ մայր արգանդի խոռոչում: Բացի այդ, Արմինեն միջնորդել է նաև արագացված դատաքննություն կատարել, քանի որ սաղմը 6 ամիս հետո այլևս ոչ պիտանի է դառնում:
Սաղմի վրա կալանք դնելու միջնորդությունը ներկայացրել է դոնորը: Հիմա վերաքննիչ դատարանում Արմինեն բողոքարկել է այդ միջնորդությունը և համարում է, որ այդ քայլով իր նախկին ընկերը պարզապես վերժ է լուծում իրենից, իսկ դատարանը օժանդակում է նրան այդ հարցում:
«Սերմը պատկանում է իմ նախկին ընկերոջը, որի հետ հիմա մենք կապ չունենք, վիճել ենք, և հիմա ինքը նման ձևով ուզում է մուռ հանել ինձանից: Բայց ինքը իրավունք չունի նման բան անելու, ինքն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, և ես դատարանում հաստատ կկրեմ ես գործը: Ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե ինչու է «Վիտրոմեդե-ը մտել էս խաղի մեջ ու աջակցում է նրան, այ դա չեմ հասկանումե,- մեզ հետ զրույցում ասաց Արմինեն:
Հաջորդ տարվա մեջ արդեն՝ փետրվարի 4-ին այս գործով կայանալու է առաջին նիստը: Դատարանն արդեն իսկ մերժել է Արմինեի արագացված դատաքննության միջնորդությոնը, որը նրան՝ սաղմի վրա կալանք դնելու որոշման պես աբսուրդ է թվում: «Աբսուրդ է, որ դատարանը արագացված դատաքննության չի գնացել, բայց չէ՞ որ կյանքի հարց է դրված, և որոշ ժամանակ անց այդ սաղմն արդեն անպիտան կդառնա: Կլինիկան մի կողմից է արհեստականորեն խոչընդոտում իմ ապագա երեխայի ծնունդը, դատարանը՝ մյուս կողմից: Բայց ասում եմ՝ այս իրավիճակն աբսուրդ է: Ես նորմալ, օրինական ճանապարհով, պայմանագրով ծառայության մատուցման եմ գնացել, ու այսպիսի խոչընդոտներ»,- ասաց Արմինեն:
Ի դեպ, «Վիտրոմեդ» կլինիկան առաջարկել է անվճար մատուցել նույն ծառայությունները ուրիշ դոնորի մասնակցությամբ, սակայն Արմինեն հրաժարվել է: «Ինձ արդեն իսկ ձևավորված սաղմն է պետք, ինձ ուրիշ ծառայություն պետք չէ: Եվ ես հույս ունեմ, որ օրինական ճանապարհով կհասնեմ դրան, եթե միայն դատարանն անիմաստ ժամանակ չձգի»,- ասաց նա: