Դեթրոյթում ավտոմեքենաների միջազգային ցուցահանդեսում ճապոնացի արտադրողները ավտոմեքենաների երկու նոր մոդել են ներկայացրել, որոնք կարտադրվեն Թուրքիայում: Թուրքական Zaman թերթի տեղեկացմամբ՝ թուրքական քաղաքներում նոր մոդելների արտադրությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացմամբ:
Միջազգային ֆինանսական խնդիրների ֆոնին Թուրքիային հաջողվել է գրավել ճապոնական ներդրողներին՝ երկրում տնտեսական կայունության, աճի տեմպի և էժան աշխատուժի շնորհիվ: Մերձավորարևելյան երկրում հունիսից Toyota Corolla-ի նոր մոդելներ կարտադրվեն: Ծրագրվում է արտադրել 100 000 ավտոմեքենա:
Մեքենաները կարտահանեն 30 երկիր, հիմնականում՝ Արևմտյան Եվրոպա: Արտադրությունը կկազմակերպվի Ադափազարի քաղաքի Toyota-ի գործարանում:
Կատարվել է մոտ $100 մլն-ի ներդրում: Honda-ն մտադիր է մի քանի տարի հետո ամրապնդվել թուրքական շուկայում: Honda SUV նոր մոդելները կկենտրոնանան առաջին հերթին ամերիկյան շուկայի վրա. դրանք 2014-ից կարտադրվեն Մեքսիկայում: Ծրագրվում է այնուհետև արտադրություն սկսել նաև Թուրքիայում:










































