Այսօր Լոնդոնում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուն 50-ամյա Փիթ Բարնսն է, ով ընդհանուր առմամբ իրականացրել է 9 հազար ժամ թռիչք:
Նա նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռիր, բայց ոչ հիմա» և Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերում
Բարնսը Մեծ Բրիտանիայում աշխատում էր արդեն 18 տարի: Այսօր Լոնդոնում թանձր մառախուղի պատճառով նրա «Ագուստա 109» ուղղաթիռը հարվածել է վերամբարձ կռունկին և ընկել Թեմզա գետի ափին:
Բարնսը վերջին շրջանում արտահաստիքային աշխատող էր: Նրա ուղևորներն են եղել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են արքայազն Չարլզը, վարչապետ Դևիդ Քեմերոնը, նախկին վարչապետ Թոնի Բլեերը և Դալայ Լաման:
«Ռոթորմոուշն» ընկերությունը, որը Բարնսի հետ համագործակցում էր 1997-ից, նրան բնորոշել է որպես «Ագուստա» ուղղաթիռների կառավարման գործում փորձառու օդաչու: Այս ուղղաթիռներով նրա թռիչքային ժամերը կազմել են 3,5 հազար ժամ: Ընկերությունում խոստացել են համագործակցել ոստիկանության հետ:
Վթարի պահին երջանիկ պատահականությամբ կռունկավարն այնտեղ չի եղել: Նա աշխատանքից ուշացել է և այդ ժամանակ դեռ ճանապարհին է եղել:









































