Չնայած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարբերաբար հայտարարում է, թե ՕԵԿ շարքերը գնալով համալրվում են, ՕԵԿ-ում այնքան էլ չեն հավատում, որ հաջորդ գումարման ԱԺ-ում իրենք ավելի շատ պատգամավոր են ունենալու:
ՕԵԿ խմբակցությունը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, այնպես որ ԱԺ փոքրաթիվ խմբակցություններին հնարավորություն տրվի ԱԺ հանձնաժողովի մեկ նախագահի ու մեկ փոխնախագահի պաշտոններ ունենալու: Ընդ որում` փոփոխությունը կգործի հաջորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանում: Նշենք, որ ՕԵԿ-ն այս խորհրդարանում 6 պատգամավոր ունի՝ 5 համամասնական և 1 մեծամասնական:
«5-րդ գումարման Ազգային ժողովի 6 խմբակցություններից 4-ը նշված բանաձևի կիրառման արդյունքում զրկվեցին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքից: Փաստորեն, վերը նշվածի հետևանքով մի շարք խմբակցություններ հնարավորություն չունեցան Ազգային ժողովի մարմիններից` հանձնաժողովներից գոնե մեկում ունենալ հանձնաժողովի նախագահի պաշտոն»,- օրինագծի հիմնավորման մեջ դժգոհում են ՕԵԿ խմբակցության անդամները: Ըստ այդմ՝ նրանք առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 2-րդում ամրագրել հետևյալը. «Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև փոխհամաձայնությամբ բաշխվում է այնպես, որ յուրաքանչյուր խմբակցության համար առնվազն ապահովվի մեկ հանձնաժողովի նախագահի և մեկ տեղակալի պաշտոն»:
Ի դեպ, ՕԵԿ-ը դեմ չէ նաև ԱԺ հաջորդ խորհրդարանում փոխխոսնակի պաշտոն ունենալուն. «Ուսումնասիրելով եվրոպական և ԱՊՀ երկրների փորձը` չենք հանդիպել մի երկրի, որտեղ Օրենսդիր մարմնում խմբակցությունների մի մասը օրենքով սահմանված կարգով զրկված լինի տարբեր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից, ավելին՝ Ռուսաստանի Դաշնությունում պառլամենտի փոխխոսնակների թիվը հավասար է խմբակցությունների թվին, այսինքն` բոլոր խմբակցությունները ունեն փոխխոսնակի պաշտոն»,- նկատել են օրինագծի հեղինակները՝ ակնարկելով, որ վատ չէր լինի, եթե ՀՀ-ում էլ բոլոր խմբակցությունները ԱԺ փոխխոսնակի պաշտոն ունենային:
Այսպիսով՝ ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել դ’Օնդտի բանաձևից, որով կատարվում է հանձնաժողովների տեղերի բաշխումը, մինչդեռ ՀՀ կառավարությունը դեմ է դրան: Կառավարության առաջիկա նիստում ՕԵԿ նախաձեռնությունը կքննարկի կառավարությունը, չնայած ՀՀ կառավարությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տվել նախաձեռնության առթիվ:
«Գտնում ենք, որ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների թեկնածուների առաջադրման բանաձևային մեխանիզմը հստակ գործակիցներ է սահմանում հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների թեկնածուների բաշխման հարցում, ելնելով խմբակցության մանդատների թվից, մինչդեռ նախագծով առաջարկվող տարբերակում նման հստակ կարգավորումները փոխարինվում են բանակցային, փոխհամաձայնեցման մեխանիզմով: Նախագծում կարգավորված չեն նաև այն դեպքերը, երբ խմբակցությունները քաղաքական համաձայնության չեն գալիս: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների թեկնածուների առաջադրման մեխանիզմը լիովին ապահովում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկվելու հնարավորությունը և դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանըե,- ասված է կառավարության եզրակացության մեջ:
Այսպիսով, հաջորդ խորհրդարանի հանձնաժողովներում ավելի շատ պաշտոններ ունենալու ՕԵԿ ցանկությունը, թերևս, իրականություն չի դառնա:










































