Նախագահ դառնալով՝ ստեղծելու եմ նոր ռազմաքաղաքական դաշինք ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի միջև. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը՝ անդրադառնալով նախագահ ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքական ծրագրերին: Բանախոսը տեղեկացրեց, որ այդ դաշինքն ունենալու է տնտեսական հզոր բաղադրիչ, որի կենտրոնական գրասենյակը լինելու է Երևանում, և ՀՀ-ն է դոմինանտ լինելու այս դաշինքում:
Ըստ նրա՝ իր ծրագրի քայլերը նպատակ ունեն կյանքի կոչել Աբխազիայի ճանաչումը և պատմական տարածքների վերականգնումը: «Դա նշանակում է, որ Աբխազիայի մայրաքաղաք կդառնա Քութայիսը, դա հնարավորություն կտա մեր կողմից իրականացնել Ջավախքի վերամիավորում, հետո ցամաքային սահման ունենալ Աբխազիայի հետ, այնուհետև երկաթուղային, ավտոճանապարհային կապ:
Անհրաժեշտ է ունենալ երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Նախիջևանի վերամիավորումից հետո: Այդ երկաթուղին կա: Հիմնական խնդիրն է Մոսվա-Երևան-Թեհրան-Դելի ճանապարհի վերականգնումը, որը, եթե գիտեք, Մետաքսի ճանապարհն է, որը ժամանակին միացրել է Արևելքն Արևմուտքին, լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք այս ուղղությամբ»,- ներկայացրեց արտաքին քաղաքական իր ծրագրերը ՀՀ նախագահի թեկնածուն:
Նա նաև հավելեց, որ իր ներկայացրած ռազմաքաղաքական դաշինքը միտում ունի ընդարձակվելու։ Հավանական թեկնածուներն են Սիրիան, Հունաստանը, Լիբանանը, որոշակի նախապայմաններով կմիանա Չինաստանը, և մենք կկարողանանք Արևմուտքին կոնկրետ հակակշիռ ստեղծել:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նա ասաց, որ Սիրիայից հետո Արևմուտքի թիրախը լինելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետո վրացիների և ադրբեջանցիների ուժերով՝ Հայաստան: Նրա համոզմամբ՝ Հայաստանը վերացնելն Արևմուտքի վաղնջական երազանքն է եղել:









































