Այսօր կառավարությունում տեղի է ունեցել միջբուհական կոնսորցիումի աշխատանքների հետագա կազմակերպման ու խորացման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և մարզերում ու Արցախում գործող մանկավարժական համալսարանների ռեկտորներ:
Քննարկվել են մանկավարժական կրթության կատարելագործման տեսլականը միջբուհական կոնսորցիումի աշխատանքների շրջանակում եվրոպական բուհերի հետ համագործակցության, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի՝ միջազգային գիտական պարբերականի չափորոշիչներին համահունչ արդիականացման կոնսորցիումի հեռանկարներին վերաբերող հարցեր։
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, անդրադարձ է եղել նաև միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերում կրթական ծրագրերի միասնականության և համակարգվածության աշխատանքների աջակցությանը միտված ծրագրերին:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդակցության անդամներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ Ֆինլանդիայի Ուլուի համալսարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի համալսարանում կիրականացվեն ուսումնական ծրագրեր մինչև 2012թ. նոյեմբերը:
Համաձայնագրի նպատակն է մանկավարժական կրթական գործընթացը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին:
Կրթական ոլորտում ներդրած նշանակալից ավանդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան մեդալով: