«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել և հետաձգվել է մինչև փետրվարի 1-ը:
«Փաստինֆո» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հետաձգման պատճառն այն էր, որ ամբաստանյալ, համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը այս պահի դրությամբ, փաստացի պաշտպան չունի: Նրա պաշտպան Սերգեյ Մկրտչյանը մինչև ամսվա վերջ գտնվում է հերթական արձակուրդում, իսկ նրա հետ մեկտեղ նոր պաշտպան ներգրավելու Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմումին Հանրային պաշտպանի գրասենյակից դեռևս պատասխան չի ստացվել:
Դատական նիստում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը կարծիք է հայտնել, որ պրակտիկայում չի եղել, որ ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար երկու հանրային պաշտպան հրավիրվի: Դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ևս գտավ, որ այժմ անիմաստ է նոր պաշտպան հրավիրել՝ մինչև նոր պաշտպանը ծանոթանա գործի նյութերին, պաշտպան Ս.Մկրտչյանը կվերադառնա արձակուրդից:











































