Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը աշխատանքից հեռացրել է Բելուջիստան նահանգի գլխավոր նախարարին, որտեղ հունվարի 10-ին մի քանի ահաբեկչությունների զոհ է դարձել առնվազն 115 մարդ,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Նման որոշում վարչապետը կայացրել է Քվեթա քաղաքում մուսուլման շիաների հետ հանդիպումից հետո, որոնք բողոքում են անվտանգության ոլորտում իշխանությունների անգործության դեմ: Վարչապետը հայտարարել է, որ առաջիկա երկու ամիսներին Բելուջիստանը վերահսկելու է հատուկ նշանակված նահանգապետը:
Բացի այդ, վարչապետը համաձայնել է կատարել զոհվածների հարազատների պահանջը, որի համաձայն՝ վերահսկողություն է սահմանվելու վարչակազմի զինված ուժերի և Քվեթա քաղաքի անվտանգության ուժերի հանդեպ:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ի երեկոյան Բելուջիստան նահանգում հասարակական վայրերում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 115 մարդ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են «Լաշկար-ի-Թայբա» սունիական ծայրահեղական խմբավորումը և «Բելուջիների միավորված բանակ» անջատողական խմբավորումը:











































