Air France-KLM ֆրանս-հոլանդական ավիափոխադրող հոլդինգը հաղորդել է, որ ընկերությունն այս տարվա ապրիլից կդադարեցնի չվերթները դեպի Իրան: Այդպիսով՝ Lufthansa-ն կմնա դեպի Թեհրան չվերթներ իրականացնող միակ եվրոպական ավիափոխադրողը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Հոլանդական թագավորական ավիաուղիների (KLM) պաշտոնական ներկայացուցիչ Ջուսթ Ռումպոլը շաբաթ օրը հայտարարել է, որ Ամստերդամ-Թեհրան երթուղու կասեցման որոշումն ընդունվել է տնտեսական, ոչ թե քաղաքական նկատառումներով:
KLM-ն դեռևս վաճառում է այդ երթուղու տոմսերը` չնայած չվերթների թվաքանակը զգալիորեն կկրճատվի:
Երթուղիների վերանայման շրջանակում ընկերությունը մտադիր է դադարեցնել թռիչքները դեպի Ադիս Աբեբա (Եթովպիա) և Խարտում (Սուդան):










































