«Այսօր հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Կապրենք՝ կտեսնենք»,- ասում է Ավանի աղի կոմբինատի սեփականատեր Արեգ Ղուկասյանը:
Գործարարն ու նախկին պատգամավորն այս պատասխանն է տալիս այն հարցերի առնչությամբ, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանին սպասվող հեռանկարների, մեր երկրի վրա այդ կառույցում դոմինանտ Ռուսաստանում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամի, ռուսական ռուբլու անկման բացասական ազդեցությունների հետ: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ հունվարի 1-ից տնտեսական այդ նոր իրավիճակում հայտնվելը կլինի հօգուտ Հայաստանի:
Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա դրամի արժեզրկումը մեր երկրի տնտեսության վրա՝ հարցին գործարարը պատասխանեց. «Դասական պատասխան կա՝ դրամի արժեզրկումն արտահանողների համար ավելի լավ պայմաններ կստեղծի, իսկ ներմուծողների համար ավելի վատ պայմաններ կլինեն: Դա նաև կախված է մեր արտաքին առևտրի հաշվեկշռից, թե ինչքան ենք արտահանում և ինչքան ներմուծում»:
Իսկ թե ինչու 2009թ., երբ դրամը կտրուկ արժեզրկվեց՝ 1 դոլարը 300 դրամից դարձավ 400 դրամ, Հայաստանում արտադրությունն ու արտահանումը չզարգացան, Ա. Ղուկասյանն այսպես բացատրեց. «2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանն էր»: