Մարտի 30-ին` ժամը 16.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 48-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ Հալաբյան փողոցի ստորգետնյա անցուղու մոտ մի երիտասարդ՝ Դավիթ անունով, իրենից վերցրել է ոսկյա վզնոցն ու չի վերադարձնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Դավիթն իրականում 24-ամյա Ռաֆայել Հ.-ն է, և նույն օրը նրան բերման են ենթարկել:
Քաղաքացուհին հայտնել է, որ մարտի 29-ին ինտերնետային «Ծանոթություն» կայքէջի միջոցով ծանոթացել է ոմն Դավիթի հետ, որը ներկայացել է որպես բժշկական և կոսմետիկ մերսման կուրսեր անցկացնող բժիշկ-մասնագետ, այնուհետև մարտի 30-ին, ժամը 15.00-ին, Հալաբյան փողոցում հանդիպել են և երիտասարդի առաջարկով մտել փողոցի բարերից մեկը՝ մերսման վերաբերյալ ավելի կոնկրետ պայմանավորվելու: Այդ ընթացքում էլ ինտերնետային ծանոթը գաղտնի հափշտակել էր ոսկյա շղթան:
Ռաֆայել Հ.-ն խոստովանել է, որ շղթան ինքն է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն