Մեքսիկացի բռնցքամարտիկ Ումբերտո Տապիոյին գնդակահարել են մարզման ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Տիխունայում, մարտի 29-ի գիշերը:
25-ամյա մարզիկին սպանել է 36-ամյա Ուերտա Ադոլֆո Սալսիդո անունով մի տղամարդ, ում պնդմամբ` բռնցքամարտիկը սիրավեպ է ունեցել իր կնոջ հետ: Այս մասին հաղորդում է մեքսիկական El Sol de Tijuana պարբերականը:
Սալսիդոն գնացել է մարզահամալիր, որտեղ Տապիոն սովորաբար անցկացնում է իր մարզումները, և բանավիճել մարզիկի հետ: Երկարատև վիճաբանությունից հետո Սալսիդոն գրպանից հանել է ատրճանակն ու կրակել Տապիոյի որովայնին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արյունաքամ Տապիոյին հայտնաբերելով անմիջապես զանգահարել են շտապօգնություն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել բռնցքամարտիկի կյանքը:
Տապիոն հանդես է եկել մինչև 63.5 կգ քաշային կարգում: Մեքսիկացին պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրած 32 մենամարտերում տարել էր 15 հաղթանակ, որոնցից 8-ը նոկաուտով: