Առաջիկա երկու տարիների ընթացքում աշխարհում կմեծանա նավթի և նավթամթերքի արտադրությունը, ինչը կհանգեցնի հումքի գնի նվազման։ Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կանխատեսում է արել ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից անկախ տեղեկատվական վարչությունը:
ԱՄՆ-ի կառավարության փորձագետների հաշվարկների համաձայն՝ 2013 թ. նավթի և նավթամթերքի արտադրությունը կաճի մինչև օրական 1 միլիոն բարելի, իսկ 2014 թ.՝ մինչև 1.7 միլիոնի: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ հիմնական աճը պայմանավորված է լինելու ԱՄՆ-ով և Կանադայով, այլ ոչ թե ՕՊԵԿ անդամ երկրներով:
Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ անդամ երկրները 2013 թ. կնվազեցնեն հումքի արտադրությունը օրական 0.6 միլիոն բարելով, իսկ 2014 թ. այն կպահպանվի ձեռք բերված մակարդակի վրա: Լիբիան, Իրաքը, Նիգերիան և Անգոլան կմեծացնեն արդյունահանումը, իսկ Սաուդիան Արաբիան ստիպված կլինի կրճատել արտադրությունը: Այնուամենայնիվ, ամերիկացի մասնագետները կանխատեսում են, որ ՕՊԵԿԸ կշարունակի օրական արդյունահանել առնվազն 30 միլիոն բարել, ինչը բավական է համաշխարհային պահանջարկը բավարարելու համար:
Զեկույցի հեղինակները նշում են, որ արևմտատեխասյան նավթի գինը փոփոխություններ կկրի և կդառնա ավելի մատչելի, քանի որ ԱՄՆ-ը նախատեսում է շահագործել միանգամից մի քանի նավթամուղ:










































