«Ժողովուրդը գնահատում է նրանց, ովքեր աշխատանք են կատարում: Իհարկե, կան սոցիալական խնդիրներ, բայց պետք է մի փոքր ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև և ազնվորեն նշենք, որ ժողովրդին ականջահաճո խոսք ասելով՝ քաղաքականություն կամ գործողություն չեն կատարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն ունի պատասխանատվություն, ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն, որին համահունչ էլ իրականացնում են իրենց քայլերը:
«ՀՀԿ-ն մշտապես գնացել է կոալիցիոն սկզբունքով կառավարմանը: Երկու-երեք տարի առաջ կոալիցիան լքել են քաղաքական ուժերը և դարձել ընդդիմադիր ուժ, և պատասխանատվությունը վերցրել ենք մեզ վրա»:
Հարցին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեց և առաջարկեց կառավարությանը կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի տասներկու կետերին, Սահակյանը նշեց. «Մենք ունենք մեկ կարևոր գործընթաց՝ սահմանադրական բարեփոխումները: Սերժ Սարգսյանը մշտապես կողմնակից է կոնսոլիդացիաներին, փոխզիջումներին»:
Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է նստել ոչ իշխանական ուժերի հետ և լուծել եռյակի 12 կետերի հետ կապված որոշակի խնդիրներ: