ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ամփոփելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն, այսօր հայտարարեց, թե այդ օրերին քննարկվում էր միայն հարցը` ով մոտեցավ ու զորակցեց Հովհաննիսյանին, ով` ոչ:
Մինչդեռ, ըստ նրա, շատ այլ հարցեր են կարևոր:
«Այս օրերի ընթացքում բոլորը զբաղված էին նրանով, թե ով եկավ, ով մոտեցավ, ով զորակցեց, ով չմոտեցավ, ինչու չմոտեցավ….Չեմ ասում` երկրորդական խնդիրներ են, բայց ինձ համար շատ կարևոր էր, որ այն խնդիրները, որոնք, մեր կարծիքով, իսկապես այնքան են սրվել, որ մեր երկիրն արտաքին ու ներքին քաղաքականությունների առումով կանգնել է մի շատ վտանգավոր եզրագծի առջև, քննարկվում էին»,- ասաց նա` հավելելով,- «Ես անձամբ, իշխանություններից սպասում էի ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանին մոտենալուն, այլ սպասում էի, որ խնդիրները կլուծվեին»:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց. «Հանրապետական կուսակցության համար այդ խնդիրները նորություն չէին: Դրանք միշտ էլ քննարկվել են: Ես կարծում եմ, որ դա ուղղված էր ոչ թե Հանրապետական կուսակցության ու իշխանությունների ուշադրությունը խնդիրների վրա հրավիրելուն, այլ ժողովրդի, հանրության»: