Երգչուհի Էմմի Ուայնհաուսը մահացել է ալկոհոլային թունավորումից: Այսպիսի եզրակացության է եկել հետազոտող Շիրլի Ռեդկլիֆը, որը կատարել է կրկնակի հետաքննություն՝ պարզելու երգչուհու մահվան պատճառը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հետաքննությամբ նրա մահվան կասկածելի հանգամանքներ չեն հայտնաբերվել: Շիրլի Ռեդկլիֆը հաստատել է, որ երգչուհին իր ցանկությամբ է ալկոհոլ օգտագործել:
Գործակալությունը նշել է, որ ալկոհոլ օգտագործելուց առաջ, որը հանգեցրել է նրա մահվան, Ուայնհաուսը որոշ ժամանակ խմիչք չի օգտագործել:
Քննիչը նկատել է, որ ալկոհոլի մակարդակը երգչուհու արյան մեջ 5 անգամ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է մեքենա վարելու համար, ու բարձր է եղել կյանքի համար վտանգավոր մակարդակից:
Ռեդկլիֆի խոսքով՝ ալկոհոլի պարունակությունը բավարար է եղել նրա նյարդային համակարգին այնպիսի վնաս պատճառելու համար, որ մարդը կարող է պարզապես քնել ու այլևս չարթնանալ:
Էմմի Ուայնհաուսը մահացել է 2011թ. հուլիսին: Նրա մարմինը հայտնաբերվել է հուլիսի 23-ին իր տանը: Նրա մահվան պատճառները պարզելու առաջին քննությունը ավարտվել է 2011թ. հոկտեմբերին: Այսպիսով, նոր քննությունը լիովին հաստատել է նախորդ եզրակացությունը:










































