Ռոք-ն-ռոլի սիրահարները երեք օր շարունակ կփորձեն հիացնել ժյուրիին՝ նվաճելու համար Եվրոպայի թագավորի տիտղոսը: Բիրմինգեմի Hilton Meterople հյուրանոցում անցկացվում է 10-րդ ամենամյա «Էլվիս» եվրոպական առաջնությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մրցույթին մասնակցում է 72 մարդ` Եվրոպայի տարբեր անկյուններից: Մասնակիցների թվում են 6 և 9 տարեկան 2 տղաներ:
Ամենամյա մրցույթն իր տեսակով ամենամեծն է Եվրոպայում և անցկացվում է լեգենդար երգչի ծննդյան օրվան (հունվարի 8) ընդառաջ: Հիշեցնենք, որ Էլվիսը մահացել է 42 տարեկանում` 1977 թվականի օգոստոսի 16-ին:
20 մասնակիցների շարքից այսօր երեկոյան կայանալիք եզրափակիչ փուլում կընտրեն հաղթողին:
Բացի տիտղոսից` հաղթողին կտրվի նաև դրամական պարգև և երկու հոգու համար նախատեսված ուղևորության տոմս դեպի Մեմֆիս քաղաք (Թենեսի նահանգ), որտեղ Էլվիսն ապրել է 13 տարեկանից:
Ի դեպ, առաջնության շրջանակում թողարկվել են Էլվիս Փրեսլիի պատկերով բաժակներ:















































