Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք,- հունվարի 7-ին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Հարավային Լուսոնի ռազմածովային ուժերի հրամանատար, կապիտան Ռոմմել Ջեյսոն Գալանգայի տվյալներով՝ ամերիկյան անօդաչու BQM-74 սերիայի ինքնաթիռը հայտնաբերվել է հունվարի 6-ին Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքավորումը հայտնաբերել են տեղի ձկնորսները, որոնք սկզբում այն ընդունել են ռումբի տեղ: Ֆիլիպինյան զինված ուժերը տվյալներ չունեն այն մասին, թե երբ անօդաչու թռչող սարքը կարող էր կործանվել կղզու ափերի մոտ և ինչպիսի հանձնարարություն կարող էր իրականացնել:
BQM-74 անօդաչու սարքավորումը կիրառվում է գլխավորապես որպես օդային թիրախ, որը կարող է հակադարձել հարձակմանը:











































