Չինաստանի չորս նավերը պարեկություն են անում Սենկակու կղզիների ջրային տարածքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի օվկիանոսագիտական պետական վարչության հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ չինական նավերն իրականացնում են «սովորական օրինական պարեկություն» Սենկակու կղզիների տարածքում, որն ուղղված է«երկրի ինքիշխանության և ծովի իրավունքի պաշտպանությանը»:
Արշիպելագի պատկանելության շուրջ Պեկինի և Տոկիոյի միջև հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ 2012 թ. սեպտեմբերին Ճապոնիայի կառավարությունը ազգայնացրեց դրանք՝ մասնավոր սեփականատերերից գնելու ճանապարհով: Ճապոնիայի այս քայլն առաջ բերեց Չինաստանի խիստ դժգոհությունը: Կողմերը բազմիցս փորձել են խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն արդյունքների այդպես էլ չեն հասել, քանի որ պատրաստ չեն փոխզիջումների:
Չինաստանը պարբերաբար պարեկային նավեր է ուղարկում Սենկակու կղզիների ջրային տարածք, ի պատասխան Ճապոնիան ամեն անգամ պաշտոնական բողոք է ներկայացնում:











































