Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայան եւ Միխայիլ Յեժելը նախօրյակին Թբիլիսիում քննարկել են «պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա զագացման հարցերը»: Այդ մասին երկու երկրների պաշտպանության նախարարները լրագրողներին հայտնել են իրենց հանդիպման ավարտից հետո: «Մենք քննարկեցինք երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների բարեփոխման, միմյանց փորձն ուսումնասիրելու եւ այդ բնագավառում տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման հարցերը»,- ասել է Յեժելը: Իր հերթին Բաչո Ախալայան ասել է, որ «Վրաստանը կարեւոր նշանակություն է տալիս փորձի փոխանակման, կադրերի պատրաստման, զինված ուժերի բարենորոգման ոլորտում Ուկրաինայի հետ համագործակցության զարգացմանը»: