Ընդդիմության բոյկոտի պատճառով Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը անորոշ ժամկետով հետաձգել է ազգային երկխոսության վճռական փուլը: Այս մասին հայտնում է «Նահարնետ» գործակալությունը:
Նախագահի նստավայրում՝ Բաադբա պալատում, առաջատար լիբանանցի քաղաքական գործիչների հանդիպումը պետք է կայանար հունվարի 7-ին և հանգեցներ հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին առաջացած լարվածության թուլացման: Սակայն արևմտամետ` «Մարտի 14-ի» կոալիցիան հրաժարվել է փոխել իր դիրքորոշումն ու կրկին պահանջել է Նաջիբ Միկատիի կառավարության հրաժարականը: Նա պահանջել է նաև ձևավորել չեզոք կաբինետ, որը կնախապատրաստի և այս տարվա գարնանը կանցկացնի համընդհանուր ընտրություններ:
Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ ընդդիմադիրների բոյկոտը կարող է սրել լարվածությունը Լիբանանում Սիրիայի կողմնակիցների և հակառակորդների միջև և հանգեցնել ներքաղաքական իրադրության ապակայունացման:
Խորհրդարանի խոշորագույն խմբակցությունները մինչ օրս համաձայնության չեն եկել Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ: Նախագահ Սուլեյմանը բացառում է ընտրությունների հետաձգման հնարավորությունը:
Ազգային երկխոսության «ճեղքվածքը» տեղի ունեցավ այն պատճառով, որ Լիբանանը ավելի խորը ներքաշվեց սիրիական ճգնաժամի մեջ: Հունվարի 3-ին կառավարությունը սիրիացի փախստականների օգնության ծրագիր ընդունեց: Լիբանանում սիրիացի փախստականների թիվն օրեցօր ավելանում է և արդեն հասել է 170 հազարի:











































