ՀՀ քաղաքացիները աշխատանքային իրավունքի պաշտպանության հարցով արհմիություններին են դիմում թե՛ մարզերից, թե՛ քաղաքից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Արհմիությունների կոնֆեդերացիա» կազմակերպության փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Սակայն չկարողացավ այդ պահին նշել, թե տարեկան կտրվածքով քանի քաղաքացիների շահն են պաշտպանում։ Մեր այն հարցին, թե հիմնականում ի՞նչ խնդիրներով են ՀՀ քաղաքացիները դիմում արհմիություններին, Բորիս Խառատյանը մանրամասնեց.
«Աշխատանքային պայմանագրի լուծարում, վարձատրության հետ կապված հարցեր, հանգստի, արձակուրդի, վնասի հատուցման հարցեր։ Այսինքն՝ աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ աշխատակիցները վնասի հատուցման իրավունք ունեն։ Հիմնականում այս հարցերով են դիմում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նաև դեպքեր են լինում, երբ օգնությունը բացառվում է, քանի որ գործատուն օրենքով սահմանված բոլոր պայմանները բավարարել է։ Այստեղ արդեն խախտում՝ որպես այդպիսին չկա։ Բայց զուտ մարդկայնորեն հասկանալի է, որ աշխատողը նույնպես վրդովված է։ Առհասարակ, մեր իրավաբանական ծառայությունը խնդիրը ուսումնասիրելուց հետո արդեն եզրակացություններ է անում և ասում՝ խախտում կա՞, թե՞ ոչ», և մեր այն հարցին՝ հաջողվո՞ւմ է աշխատողների ոտնահարված իրավունքները պաշտպանել, արձագանքեց. «Այո, իհարկե»։