Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

«Սիրտը լրիվ կտրատված էր» . բանակի ընկերը զորացրվելուց հետո սպանել է նախկին զինակցին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել: Դեպքը տեղի է ունեցել տուժողի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ ինչ-որ պարզաբանում կատարելու:

Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել: Այն ժամանակ ևս ներկա էր գտնվել Մամիկոնը:

Կատարվածի վրա իր ցուցմունքներով պիտի որ դեռ նախաքննության ժամանակ լույս սփռեր երկու դրվագներին էլ ներկա Մամիկոնը, մանավանդ որ սպանվածը նրա երեխայի քավորն է եղել:

Սակայն Մամիկոնի տված ցուցմունքները համոզիչ չեն համարվել տուժողի հարազատներին: Վերջիններիս լարվածությունը մեծ է ինչպես երիտասարդի կյանքը խլած Ավետիքի, այնպես էլ իրեն այս գործով լոկ վկա համարող, վկայի կարգավիճակ ունեցող Մամիկոնի նկատմամբ:

Վկա Մամիկոնը դեռ նախորդ դատական նիստին պետք է ցուցմունք տար, սակայն շիկացած մթնոլորտից վախեցավ ու հայտարարեց, որ ցուցմունք կտա միայն իր փաստաբանի ներկայությամբ:

Դատական այս նիստին Մամիկոնը ներկայացել էր փաստաբան Գայանե Գալոյանի հետ:

Մամիկոնն իր ցուցմունքում նախ անդրադարձավ Ավետիքի ու Ալբերտի միջև տեղի ունեցած առաջին միջադեպին:

Նա ասաց, թե Ավետիքը ցանկանում էր մեկնել Մոսկվա՝ այնտեղ աշխատող իր եղբոր մոտ: Այդ հարցով նա ցանկացել է խոսել Մամիկոնի հետ, որոշ հարցեր տալ մոսկովյան կենսակերպի մասին: Որոշել են զրույցին զուգահեռ իրար հետ «մի կտոր հաց ուտել»: Եվ Մամիկոնը այդ հանդիպմանը կանչել է նաև իր երեխայի քավոր Ալբերտին, չնայած վերջինիս ներկայությունը կարծես թե անհրաժեշտ չէր:

Հանդիպել են «Կովկաս» պանդոկում:

Ավետիքը, ըստ Մամիկոնի, մի քանի անգամ կանչել է մատուցողին, վերջինս չի մոտեցել, և Ավետիքը հայհոյել է մատուցողի հասցեին: Սակայն բարձրաձայն է հայհոյել, կողքի մարդկանց համար լսելի է եղել:

Ալբերտը նեղվել է, դիտողություն է արել Ավետիքին, որ իր ներկայությամբ ճիշտ պահվածք դրսևորի: Ավետիքն էլ ասել է՝ ես միշտ ինձ ճիշտ եմ պահում:

Խոսքը խոսք է բերել, ըստ Մամիկոնի՝ Ավետիքը կրակվառիչը շպրտել է Ալբերտի դեմքին: Ալբերտը բռունցքները սեղմել ու դուրս է եկել՝ պանդոկի ներսում կռիվ չանելու համար:

Մամիկոնն ասաց, թե ինքն ու Ավետիքն էլ են դուրս եկել, քայլել են: Ինքը «հանգստացրել է» Ավետիքին: Այդ ընթացքում անընդհատ զանգել է Ալբերտը ու պահանջել է, որ հանդիպեն:

Ի վերջո հանդիպել են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ:

Ալբերտը մոտեցել է, Ավետիքին ասել է՝ ուրեմն դու էնքան կաս, որ զաժիգալկեն իմ դեմքին ե՞ս խփում, ու մեկ անգամ հարվածել է Ավետիքին:

Վիճել են: Ավետիքն ակնոցը հանել է, որ ինքն էլ Ալբերտին խփի, բայց Ալբերտը մի անգամ էլ գլխով է նրան հարվածել: Ավետիքն Ալբերտին ասել է՝ «թուլա»:

Այս բառը խորապես վիրավորել է Ալբերտին: Նա նեղացած հեռացել է:

Այդ միջադեպից հետո, ըստ Մամիկոնի, ինքը օրական մի երեք ժամ հեռախոսով խոսել է Ալբերտի հետ՝ ջանալով «հանգստացնել» նրան:

Այնքան է զանգել Ալբերտին, որ վերջինիս մայրը դա զգացել է, նկատել է նաև որդու տրամադրության փոփոխությունը, լարվածությունը, հարցրել է՝ էս Մամիկոնն ինչո՞ւ է քեզ էսքան զանգում:

Ըստ Մամիկոնի՝ դեպքի նախորդ օրը Ավետիքը զանգել է իրեն ու ասել, թե մոտ օրերս մեկնում է Մոսկվա, ուզում է անպայման հանդիպել ու խոսել Ալբերտի հետ:

Մամիկոնը, իր ասելով, ենթադրել է, թե Ավետիքը ցանկանում է հաշտվել Ալբերտի հետ ու նոր հեռանալ Հայաստանից:

Սակայն հեռախոսային խոսակցությունների վերծանումների հետազոտությունից պարզ դարձավ, որ դեպքի նախորդ օրը, ինչպես նաև դեպքի օրվա առավոտյան ոչ թե Ավետիքն է զանգել Մամիկոնին, այլ Մամիկոնն է զանգել Ավետիքին: Մամիկոնը հստակ պատասխան չտվեց կողմերի հարցերին՝ այս հակասության վերաբերյալ:

Դեպքի օրը Մամիկոնը զանգել է Ալբերտին, պայմանավորվել են հանդիպել Ալբերտենց շենքի բակում գտնվող տաղավարում:
Ալբերտը վարսավիրանոցում է եղել: Հանդիպել են ժամը 17-18-ի սահմաններում:

Այս ընթացքում Մամիկոնին զանգել է Ավետիքը, առաջարկել է, որ գնան «Մալականների սադը»: Բայց Մամիկոնն ասել է, թե հանգիստ զրուցելու համար «հայաթից լավ տեղ չկա»:

Ալբերտը տուն է բարձրացել վերարկուն վերցնելու: Մամիկոնը նստել է «կռիշով բեսեդկում», որովհետև անձրևոտ օր էր:

Մինչև Ալբերտի վերադառնալը տաղավար է հասել Ավետիքը:

Ըստ Մամիկոնի՝ Ալբերտի բացակայությամբ իրենք ոչ մի բառ չեն խոսել, միայն բարևել են:

Մոտեցել է Ալբերտը: Նա միանգամից սկսել է վիրավորված խոսել, թե ինքն ու Ավոն իրար հետ բանակում են եղել, «իրար ծոց են քնել, մի ամանից հաց են կերել», ո՞նց կարող էր նման բան լինել, նա ո՞նց կարող էր իրեն «թուլա» ասել: Իսկ Ավետիքն էլ, ըստ Մամիկոնի, անընդհատ ծխել է ու ասել՝ ո՞նց պիտի էս հարցը լուծենք:

Ալբերտը գնացել է տաղավարի մոտի «պուլպուլակից» ջուր խմելու: Երբ հետ է եկել, Մամիկոնը հարցրել է, թե որտեղի՞ց ջուր խմեց, չնայած ցայտաղբյուրը տաղավարից քսան-երեսուն մետր էր հեռու, տեսանելի էր տաղավարից, բացի այդ՝ Ալբերտենց բակ ու տուն մի քանի անգամ այցելած Մամիկոնը այդ ցայտաղբյուրի մոտով էր անցել…

Հետո, ըստ Մամիկոնի, ինքը հանդարտ վիճակում գտնվող Ավետիքին ու Ալբերտին թողել է ու գնացել «պուլպուլակից» ջուր խմելու: Բայց դեռ չհասած՝ ուժեղ գոռոց է լսել, շրջվել ու տեսել է, որ Ալբերտը կիսաչոքած է, մի ձեռքով՝ «ռեշոտկից» բռնած, իսկ Ավետիքը նրան երկու-երեք հարված էլ է հասցրել: Թե ինչով՝ տեսանելի չի եղել:

Մամիկոնն ասաց, թե անմիջապես վազել է դեպի տաղավար: Ավետիքը տեղնուտեղը փախել է, իսկ ինքը մոտեցել է Ալբերտին, թաշկինակը դրել է երևացող վերքին, որ արյունը դադարեցնի, բայց տեսել է, որ վերքերը շատ են: Մեկ ուրիշ երիտասարդ էլ է մոտեցել, իրենք զանգել են շտապօգնություն ու ձեռքի տակ եղած շորերով փորձել են արյունահոսությունը գոնե նվազեցնել: Շտապօգնությունը եկել է, Ալբերտին պատգարակով դրել են մեքենայի մեջ: Մամիկոնը սկզբում շտապօգնության մեքենայում է եղել, բայց վատացել է, նրան իջեցրել են: Նա զանգել է Նոր Հաճընում ապրող հորը, խնդրել է, որ հայրը մեքենայով գա Երևան՝ իր հետևից: Մամիկոնը հիվանդանոց չի գնացել: Նա հոր հետ գնացել է տուն, ապա հորն ու մորն ուղարկել հիվանդանոց, որ Ալբերտի վիճակի մասին իմանան: Մամիկոնի ծնողները հասել են հիվանդանոց և իմացել, որ Մամիկոնը դեռ շտապօգնության մեքենայի մեջ է մահացել:

Մամիկոնն ասաց, թե բառերով չի կարող նկարագրել իր վիշտը, ինչը անհամոզիչ էր հնչում:Մամիկոնի հանգիստ ցուցմունքը զայրացրեց ու հունից հանեց սպանված Ալբերտի հարազատներին:

Տուժողի իրավահաջորդը՝ Ալբերտի մայրը չկարողացավ զսպել զայրույթը. «Հեքիաթ է պատմում… չի ասում, որ պայմանավորվել է մարդասպանի՝ էդ բորենու հետ… Նրանք կազմակերպված ձևով սպանել են իմ ուժեղ, խելոք, սպորտսմեն տղային, մետր իննսուն բոյ ուներ… Հիմա սա առանց զգացմունքների, դաժանաբար պատմում ա… Մենք ոնց որ գերեզմանում լինենք մեր տանը, ոչ ոք չի հասկանում մեր վիճակը… Ո՞նց ապրենք, ես արդեն չեմ կարողանում ապրել, ի՞նչ անեմ, ինքնասպա՞ն լինեմ… Հայրն էլ չի կարողանում ապրել, ի՞նչ անենք…»:

Մի քանի րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո Մամիկոնը շարունակեց իր միատոն ցուցմունքը:

Տուժողի իրավահաջորդը նրան անպատասխան մնացած հարցը տվեց. «Ինչի՞ իմ տղային էդ հանդիպմանը տարար…»:
«Ինչո՞ւ էիր Ալբերտին այդքան զանգում» հարցին Մամիկոնը պատասխանեց. «Որ հանգստացնեմ…»:

«Ինչի՞ համար պիտի կազմակերպեի Ալբերտի սպանությունը: Ես ոչ մեկի հետ վեճ չեմ ունեցել, պատճառ չեմ ունեցել… Դեպքի պահին չեմ խոսել՝ մտածելով, թե իմ խոսելը կարող է նրանց ավելի բորբոքել…»,- ասաց վկա Մամիկոնը:

Վերջապես նրա հարցաքննությունն ավարտվեց: Նա այդպես էլ ավելի պարզորոշ չդարձրեց տեղի ունեցածը: Բայց դատարանի դահլիճի շիկացած մթնոլորտից վերջապես դուրս եկավ ու գնաց:

Վկա Նատալյան դեպքի վայրի մոտակա շենքում է բնակվում: Նա լվացք է փռել դեպքից վայրկյաններ առաջ, բակում խաղաղ է եղել: Տուն է մտել ու անմիջապես «անմարդկային գոռոց» է լսել: Պատշգամբ է դուրս եկել, տեսել է, որ մեկը վազելով հեռանում է, մարդիկ են հավաքվում: Հետո իմացել է, որ մի լավ ընտանիքի տղայի են սպանել:

Ցնցող էր շտապօգնության բրիգադի բուժքույր Կարինեի ցուցմունքը. «Ցիտո կանչ ենք ստացել, մոտակայքում էինք, երեք րոպեի ընթացքում հասել ենք… Տուժող երիտասարդը պառկած էր արյան մեջ կորած… Սիրտը լրիվ կտրատված էր, տամպոնները սրտի մեջ էին մտցնում, որ արյունը կանգնեցնեն… Տուժողը բերանը բացում-փակում էր միայն: Կարելի է ասել՝ արդեն ողջ չէր, վերջին շունչն էր շնչում…»:

Տուժողի քույրը տանն է եղել, երբ եղբայրը հեռախոսով խոսելով՝ «Լսի, Ավո» ասելով, վերարկուն վերցրել ու տանից դուրս է եկել: Կարճ ժամանակ հետո իրենց հորը շտապ բակ են կանչել: Հայրը առանց վերնազգեստի խուճապահար դուրս է վազել: Ինքը հոր սվիտերն իջեցրել է նրա հետևից: Իրեն ասել են, որ եղբորը «ծակել են», չեն թողել, որ առաջ գնա: Բայց հետո ինքը գնացել է դեպի կանգառ, տեսել է շտապօգնության մեքենաները, փորձել է գտնել եղբորը, բայց այդպես էլ չի գտել…

Տուժողի ընկեր Սամվելն ասել է, թե դեպքի օրը, ժամը 15-ին զանգել է Ալբերտին, առաջարկել է հանդիպել, բայց Ալբերտն ասել է՝ չեմ կարող, բանակի ընկերս է գալու, խոսելու բան կա…

Ալբերտը բակ էր իջել բանակի ընկերոջ հետ խոսելու: Իսկ թե ինչո՞ւ էր բանակի ընկերը հանդիպման գնացել դանակով, այդ հարցին այսօր ճակատագրական հանդիպմանը ներկա, հանդիպումը կազմակերպած Մամիկոնը չկարողացավ պատասխանել: Միգուցե ամբաստանյալը պատասխանի, հաջորդ նիստին կհասնի նրա ցուցմունք տալու հերթը: Եթե, իհարկե, ամբաստանյալը կցանկանա ցուցմունք տալ ու պարզաբանել, թե ի՞նչ պիտի կատարվեր, ի՞նչ աններելի արարք պիտի կատարեր բանակի իր հաղթանդամ ընկերը, որ ինքը դանակով կարողանար այդպես բզկտել նրան…

Ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը ամբողջ շիկացած նիստի ընթացքում արտաքուստ հանգիստ էր, դեմքի համարյա թե անվրդով արտահայտությամբ…

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում