Ապաշխարությունը մեղքերից սրբվելու միջոց է, մարդը կարող է գիտակցաբար մեղանչել, հետո ապաշխարել ու սրբվել: Ապաշխարել նշանակում է հեծել, ցավել, այսինքն՝ զղջումով լաց լինել կատարած հանցանքի կամ մեղքի համար: Մարդ արարածը մեղանչական է: Թեև Մկրտության և Դրոշմի խորհուրդներով նա սրբվում է իր մեղքերից և որդեգրվում Աստծուն, սակայն բազմիցս մեղանչում է իր աստվածային որդեգրության պայմանների դեմ. Եվ երբ անդրադառնում է իր մեղքերին, զղջում և լաց է լինում, այսինքն՝ ապաշխարում է, ապա Աստված ներում է նրան, և վերահաստատվում է նրա որդեգրությունը: Մարդու հոգեկան կյանքում կատարված այս փոփոխությունը խորհուրդ է:
Աստված չի կամենում մեղավորի մահը: Անսահման և անբավ է նրա գթությունը: Բայց սա պատճառ չէ, որ քրիստոնյան չարաչար սխալ հասկանա աստվածային գթության նշանակությունը: Ընդհակառակը, նրա պարտքն է արթուն և պատրաստ գտնվել ամեն մի պատահականության և փորձության դեմ՝ մեղքի հրապույրներով չտարվելու համար:
Մեղանչողը պետք է սրտանց զղջա իր գործած մեղքերի համար և վճռի այլևս չմեղանչել: