Այսօր Մյանմայում պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ զինվորական խունտան, որն իշխանությունը փոխանցել է քաղաքացիական կառավարությանը:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սակայն շատերն իշխանության փոխանցումն անվանել են խաբեություն և խորամանկ հնարք: Նշվում է, որ չնայած հայտարարված քաղաքացիական կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններին, նախարարական կարևոր պաշտոնները շարունակելու են զբաղեցնել զինվորականները:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարից` 20 տարվա դադարից հետո երկրում սկսեց գործել ազգային խորհրդարանը: Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններն անվանեց անարդար և ոչ ժողովրդավարական և չմասնակցեց դրանց` բոյկոտի կոչ անելով:
Այդ նույն խորհրդարանը, որը 80%-ով կազմված է զինվորականներից կամ իրենց վերահսկողության տակ գտնվող պատգամավորներից, 2011թ. փետրվարին նախագահ ընտրեց Թհեյն Սեյնային: