«Ընդդիմության միավորման մասին խոսակցություններն ավելորդ են: Այժմ պետք է խոսել ոչ թե միավորման, այլ համակարգված գործողությունների մասին»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս շատ է կարևորում, որ ընդդիմադիր գործիչները դադարեցնեն միմյանց հետ մրցակցությունը և միայն այս ռեժիմը հեռացնելուց հետո սկսեն մրցել:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հարթակ հրավիրի բոլոր ընդդիմադիր ուժերին՝ անկախ նրանց կարծիքներին համամիտ լինելուց կամ չլինելուց: Մյուս կողմից, ըստ նրա, Կոնգրեսը նաև պետք է ձեռնպահ մնա իշխանության հետ երկխոսելուց, քանի որ դրանից հասարակությունը չի շահելու: Բացի այդ, ըստ Սեֆիլյանի, «Լևոն նախագահ» կարգախոսը պետք է փոխվի, քանի որ այն չի նպաստում հասարակության համախմբմանը, և նոր կարգախոսներ պետք է մտածվեն:
Ժիրայր Սեֆիլյանը նաև առաջարկում է, որ Հայ ազգային կոնգրեսը հարթակ տրամադրի երիտասարդներին: «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ ինքն իր առաջարկները ներկայացնում է հենց Հայ ազգային կոնգրեսին, քանի որ փաստ է՝ իր հետևում ամենամեծ ժողովուրդն ունի հենց այս քաղաքական ուժը: «Եթե նրանք չլսեն «Սարդարապատ»-ի հորդորները, կհայտնվեն «օֆսայդում», այսինքն՝ լուսանցքում»,- նշեց պարոն Սեֆիլյանը և հավելեց, որ այդ դեպքում արդեն առաջնորդողի դերում հանդես կգա «Սարդարապատը»: