Կանբեռայում Ավստրալիայի խորհրդարանի շենք արգելել են մուտք գործել 3 տղամարդու, որոնք եղել են դեմքը ծածկող գլխանոցներով, իսկ նրանցից մեկը եղել է Կու-Կլուքս-Կլանի դիմակով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մյուս 2-ը եղել են մոտոցիկլավարի սաղավարտով ու իսլամական նիկաբով, որում միայն աչքերն են երևում:
Խորհրդարանի անվտանգության աշխատակիցները նրանց ներս չեն թողել՝ նշելով, որ Կու-Կլուքս-Կլանի դիմակներն ու մոտոցիկլետային սաղավարտները խորհրդարանում արգելված են:
Այցելուները պահանջում են արգելել նիկաբները ամբողջ Ավստրալիայում:
Ավելի վաղ խորհրդարանը ընդունել էր որոշում, որի համաձայն՝ դեմքը ծածկող հագուստով այցելուները պետք է նստեն իրենց համար հատուկ առանձնացված օթյակում:
Որոշումն ավելի ուշ չեղյալ էր հայտարարվել, սակայն այն երկրում առաջացրել էր սուր քննարկումներ՝ հիջաբների թույլտվության ու մուսուլման կանանց խտրականության վերաբերյալ:

















































