Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, պոլսահայ տնտեսագետ, անցյալ տարեվերջին ամերիկյան Foreign Policy-ի վարկածով, «աշխարհի 100 մտածողների» թվում 88-րդ տեղը զբաղեցրած Տարոն Աջեմօղլուն մերժել է Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու Անկարայի առաջարկը:
Աջեմօղլուն իր վարքը պատճառաբանել է գիտական կարիերան շարունակելու ցանկությամբ. «Ես որոշակի պլաններ ունեմ` իմ կարիերայի հետ կապված: Միայն դրանց ավարտից հետո կարելի է մտածել այլ բաների մասին»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են առաջիկա ամիսներին Աջեմօղլուին նշանակել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում: