Ադրբեջանական 1News.az կայքի հաղորդմամբ, ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.
«Կովկասյան երեք երկրներում բարեփոխումների ու ժողովրդավարության ոլորտներում կարելի է նկատել որոշակի առաջընթաց: Յուրաքանչյուր երկրում այդ գործընթացն ունի իր արագությունն ու դժվարությունները: Այդ առաջընթացը կարող էր առավել զգալի լինել, եթե չլինեին լարվածության աղբյուրներն ու «սառեցված» հակամարտությունները:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա ես անձամբ համոզվեցի, որ Սոչիի հանդիպումից հետո հնարավոր է` գրանցվի որոշակի առաջընթաց:
Մինսկի խումբը շարունակում է իր աշխատանքը, թեև նրա համանախագահներին շատ են քննադատում, ինչի պատճառն այն է, որ քննադատաները չեն տիրապետում նրանց գործունեության շուրջ տեղեկատվությանը:
Սակայն չպետք է մոռանալ, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այդ խնդիրը: Նա միայն կարող է խնդրի լուծման շուրջ պլաններ առաջ քաշել, և եթե հակամարտող կողմերն օժտված չլինեն քաղաքական կամքով, ապա ոչ մի առաջընթաց էլ չի գրանցվի:
Եթե հակամարտող կողմերը ռազմաճակատի գծից հետ քաշեն դիպուկահարներին, ապա դա դրական ու արդյունավետ հետևանքներ կունենա: Դիպուկահարները կողմերից և ոչ մեկին չեն կարող ռազմական ու քաղաքական հաջողություն ապահովել: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանիորեն գնալ դիպուկահարների հետքաշման քայլին, որպեսզի դա օրինակ հանդիսանա Ադրբեջանի համար, սակայն մերժում ստացա: Նույնը կրկնվեց Ադրբեջանի պարագայում:
Լավ է, որ կողմերը Սոչիում պայմանավորվեցին խորհրդատու մեխանիզմի ստեղծման մասին, որը հնարավորություն կընձեռի հետաքննելու շփման գծում գրանցված բախումները:
Գտնվելով Հայաստանում ու Ադրբեջանում` ես իմ խորին անհանգստությունն եմ հայտնել, որ կողմերն ուժգնորեն սպառազինվում են, ինչը վկայում է վստահության բացակայության մասին: Միևնույն ժամանակ, կողմերը բանակցություններ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ լարվածություն չկա»: