Թուրքական Miliyet թերթի հաղորդմամբ, ԱՄՆ ամենաազդեցիկ թերթերից մեկում՝ Los Angeles Times-ում, հրապարակվել է համայն աշխարհում կանանց իրավունքների մասին մի հոդված:
Հոդվածում Թուրքիայի մասին նշված է հետևյալը. «Աշխարհիկ, ժամանակակից և իսլամի օրինակ հանդիսացող Թուրքիայում իսլամական կառավարումից ի վեր կանանց սպանությունների թիվն աճել է 1.4 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, իսլամական երկրներում առկա աղքատությունն ու ահաբեկչությունը բացասաբար են ազդում կանանց քաղաքացիական ազատությունների ու բարեկեցության վրա»:
Նշվում է, որ ամերիկյան թերթի այս հրապարակումները բավական զայրացրել են Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որի գլխավորած չափավոր իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն (UNFPA) իր հերթին էր անդրադարձել Թուրքիայում կանանց խնդիրներին` նշելով, որ օրական Թուրքիայում սպանվում է մեկ կին, յուրաքանչյուր 10 կանանցից 4-ը ենթարկվում են բռնության, 4 միլիոն կանայք գրել-կարդալ չգիտեն, իսկ 1 միլիոն աղջիկ երեխաներ էլ չեն հաճախում դպրոց: