Ադրբեջանական Apa.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել երկխոսություն սկսելու Ստեփանակերտի օդանավակայանի բացման և քաղաքացիական ավիացիայի հետ կապված խնդիրների շուրջ.
«Ինչպես ես արդեն նշել եմ, տվյալ հարցում իմ երկրի կառավարության դիրքորոշումը կայանում է նրանում, որ կողմերին կոչ է արվում քննարկումների ճանապարհով լուծել այդ խնդիրը:
Մենք կարծում ենք, որ անընդունելի է քաղաքացիական ինքնաթիռների վայր գցումը: ԱՄՆ-ն ընդհանրապես քննադատում է ուժի կիրառումը, ինչը վերաբերում է նաև շփման գծում գրանցվող բախումներին:
Եթե այդպիսի քննարկում տեղի ունենա, ապա կողմերը կլուծեն քաղաքացիական ավիացիայի հետ կապված բոլոր ասպեկտները»:
Հիշեցնենք, որ հայկական կողմը մտադիր է մայիսին բացել Ստեփանակերտի օդանավակայանը և կանոնավոր քաղաքացիական թռիչքներ կազմակերպել Երևանից դեպի Ստեփանակերտ: Ի պատասխան` ադրբեջանական կողմը սպառնացել է կործանել այդ քաղաքացիական ինքնաթիռները: