«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրսի» այս թողարկմանը կփորձենք ամփոփել տարին հասարակական- քաղաքական իրադարձությունների առումով և թե ինչ զարգացումներ են սպասվում 2013-ին։ Մասնավորապես գիտենք, որ մոտ մեկուկես ամսից նախագահի ընտրությունն է, նաև սպասվում են այլ հետաքրքիր զարգացումներ։ Այս մասին կզրուցենք մեր հյուրերի՝ հրապարակախոս Արա Նեդոլյանի և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։
– Պարոն Նեդոլյան, ինչպե՞ս կգնահատեք 2012թ. տեղի ունեցած իրադարձությունները։
– 2012-ին ունեինք հրապարակ՝ որպես հասարակական զարգացումների, խոսքի, դիսկուրսի առանցք։ 2012-ին, արդեն, այդ հրապարակը շատ հազվադեպ է գումարվել, բայց, այնուամենայնիվ, հասարակության ստրուկտուրան մնում էր։ Ուրեմն կա առանցք, կա իշխանություն, և դրան հակառակ հասարակությունը ձևավորում է իր որոշակի ձևաչափը։ Տեսնում ենք, թե ինչպես այդ առանցքը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարմամբ, դառնում է դժվար շոշափելի։ Մեծ մտահոգություն կա, թե արդյոք կպահպանվի այդ հրապարակային առանցքը, թե՞ ընտրությունների ընթացքում և նոր տարում մենք կտեսնենք հասարակական դաշտի հատվածայնացում։
– Եթե մի մարդու որոշումով առանցքը չեզոքանում է, դա արդյոք չի՞ վկայում, որ այդ հրապարակն ընդամենը ձև է եղել, և հասարակությունը բովանդակային մասնակցություն չի ունեցել դրան։
– Ձև էր, բայց այդ ձևի գոյությունը թույլ էր տալիս կատարել կապակցված գործողություններ։ Բայց արդյոք դա մեկ մարդու որոշումով էր, և ինչու չստեղծվեցին այն կոլեգիալ մարմինները, որոնք կարող են դիմանալ այդ մեկ մարդու հեռանալուն։ Մենք տեսնում ենք, որ ամեն մի գործողություն կախված է իր համար հիմնական դեմք դարձած անձանցից։
– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք նախորդ տարին։
– Տեղի ունեցավ մեծ, բայց հին հրապարակի ճգնաժամ, ըստ էության, ավտորիտար գիտակցության ճգնաժամ։ Կարծում եմ, որ այն ժողովրդական ընդվզումը, որ կար, կառուցված էր ավտորիտար գիտակցության վրա։ Այսինքն՝ մարդիկ թեև ցանկանում էին դրական փոփոխություններ, շատերը գոնե վերբալ առումով պայքարում էին ժողովրդավարության համար, բայց կարծես դեմոկրատական գիտակցության կրողը չէին և, բնականաբար, նպաստեցին այս ճգնաժամին։ Սրան զուգահեռ կա նաև մի իրականություն, որն անվանենք փոքր կամ նոր հրապարակի զարթոնք։ Այս տարի ես տեսա ավտորիտարից դեմոկրատական մտածողության անցնելու փորձ։
– Ինչո՞ւ այն զարգացում չունեցավ։
Է.Վ.- Նախ՝ որովհետև այն մարդիկ, ովքեր այդ փորձն անցան, դեռևս փորձառու չեն, և, բնականաբար, լայն շրջանակները դեռևս կտրված են այդ գործընթացից։ Կարծում եմ՝ հաջորդ տարի պետք է որոշակի կամային գործընթաց ծավալեն, փորձեն վերանայեն այդ ամբողջը, միմյանց հետ շփվեն փոքր-ինչ այլ ձևաչափով և այս խնդիրները դարձնեն օրակարգային։ Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ հասարակությունը ապակողմնորոշվել է։ Մարտի 1-ից հետո, երբ հիմնարար խնդիրը չի լուծվել, երբ նույնիսկ չեն գտնվել մեղավորները, երբ ռեժիմը չի փոխել իր բնույթը, մենք խոսում ենք անորոշ իրավիճակից և այն մասին, որ այս ընտրություններն անայլընտրանքային են լինելու։
– 2012 թվականն առանձնացա՞վ կուսակցական համակարգի ճգնաժամով, և արդյոք դա ևս չի բերում հասարակական միջավայրի ճգնաժամի։
Ա.Ն.- Կուսակցությունը շարժում չէ։ Ինչքանով է կենտրոնական և համապարփակ տեսլական ներկայացվում և ինչքանով է վստահություն առաջացնում ժողովրդի մեջ։ Կուսակցությունը պետք է հիշի, որ ինքը հասարակության մի մասն է և պատասխանատու է նրա առջև և ոչ թե միայն իր անդամների։ Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության հետ ինչ-որ եզրեր ունեին ԲՀԿ-ն, Կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, բայց հենց ճգնաժամային պահն էր, որ այդ հարաբերությունները չհաստատվեցին որպես հիմնական, այլ մնացին իբրև էպիզոդիկ կապ։ Այդ մեծ համահասարակական հայտը ոչ մեկի կողմից չներկայացվեց։
– Չի՞ թվում, որ կուսակցությունները դարձել են հասարակության մրցակիցները։
Է.Վ.- Շատ կուսակցականներ կարծես որոշակի նախանձով են վերաբերվում քաղաքացիական նախաձեռնություններին և նրանց դիտարկում են իբրև մրցակիցներ։ Եթե հասարակության հիմնական խնդիրը համակարգափոխությունն է, ուրեմն կուսակցությունները պետք է ծառայեն այդ խնդրի լուծմանը։ Եթե նրանք դուրս են գալիս այդ շրջանակներից և փորձում են ինչ-ինչ ռեսուրսներ խլել օլիգարխիայի ամանից, խոչընդոտ են հանդիսանում և ապակողմնորոշում են հասարակությանը։ Խնդիրը կլուծվի այն դեպքում, երբ կձևավորվի ապակուսակցական, դեմոկրատական շարժում, որը ստեղծված կլինի կոլեգիալ հիմունքներով և հստակ կդնի համակարգափոխության խնդիրը։
– Ո՞վ պետք է ձևավորի այդ շարժումը։
Է.Ն.- Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս ամենի անհրաժեշտությունը։ Շատ կարևոր է, որ ինչ-որ բան անելու որոշում կայացնեն նրանք, ովքեր դա անելու են։
– Պրն Նեդոլյան, ի՞նչ եք սպասում նախագահական ընտրությունից. սա վե՞րջն է, թե՞ ինչ-որ բանի սկիզբ կարող է լինել։
– Տեսնենք, թե ինչպես իրենց կդրսևորեն թեկնածուները. հիմնականում ես խոսում եմ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի մասին։ Բագրատյանը որոշակի պոտենցիալ ունի, բայց դա դժվար թե դառնա ավազակեպտությունը փոխելու առանցքային երևույթը։ Երկրորդ, Կոնգրեսը դեռ մի քանի օր ունի ինչ-որ որոշում կայացնելու համար։ Երրորդ, բավական դրական եմ գնահատում Հայրիկյանի տեսական միտքը, բայց ինչքանով այն կկարողանա դառնալ հետաքրքիր գործոն, և, իհարկե, հանրային շարժումները, որոնց համար ամեն ինչ նոր է սկսվում։ Ես վախենում եմ ոչ բանական շարժումների առաջացումից, որոնք, հավանաբար, հրահրվում են իշխանությունների կողմից և ոչ մի հարց չեն դնում ու ոչ մի հարց չեն լուծում։
Է.Վ.- Դժվարանում եմ ասել, թե այս ընտրություններով հնարավոր կլինի ինչ-որ խնդիր լուծել, որովհետև բոլորը հասկանում են, որ ընտրություններ, որպես այդպիսին, չկան։ Փետրվարի 19-ից հետո ստեղծվում է նոր իրավիճակ, և կարծես դաշտը ազատ է գործունեության համար։ Գուցե որոշ ուժեր մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրությունը փորձեն օգտագործել որպես նոր ձևաչափի շարժման ձևավորման ստուգատես։ Եթե դու գնում ես ինչ-որ ընտրության, և մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես ես հաղթելու, եթե չկա ընտրության մեխանիզմը, և դու դրա պատասխանը չես տալիս, անլուրջ տպավորություն ես թողնում։ Պետք է այլ մեխանիզմ առաջարկել և բեռը չդնել էլեկտորատի վրա։ Դա անում է էլիտան։










































