«A Ленин в Польше»
Մինչ Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական ճակատում տեղի են ունենում բուռն զարգացումներ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով և եռյակի կամ քառյակի հանրահավաքի տեսքով, Հայաստանում առկա է մի հետաքրքիր բացակա:
Խոսքը Հովիկ Աբրահամյանի բացակայության մասին է: Ճակատագրի հեգնանքով կամ նախախնամության կամքով Աբրահամյանը ըստ էության գտնվում է հեռու՝ օվկիանոսից այն կողմ, և ըստ էության անուղղակիորեն խույս է տվել և եռյակի հանրահավաքից, և ԵՏՄ-ի անդամակցությունից: Ասել կուզի՝ նա ըստ էության կարծես թե հայտնվել է շատ շահեկան մի դիրքում, հեռու է մնացել շատ բարդ ժամանակում շատ պատասխանատու որոշումներից: Սրանով նրա պատասխանատվությունը այս ամբողջ իրավիճակի համար, բնականաբար, չի կորում, չի վերանում, սակայն ըստ էության մի բան է՝ պատասխանատվությունը, մեկ այլ բան՝ տվյալ պահին անմիջական դերակատարումը և անմիջական գնահատականների կամ մեկնաբանությունների անհրաժեշտությունը:
Ավելին՝ Հովիկ Աբրահամյանի համար այս ֆոնը ուղղակի գտնված է ամերիկյան այցի համար, որը տեղի է ունենում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովի շրջանակում և ամերիկյան կառավարական շրջանակներ չի ներառում: Հովիկ Աբրահամյանն առկա ներքաղաքական և արտաքին քաղաքական ֆոնին կարող է Արևմուտքին ներկայանալ որպես ծայրահեղություններից հեռու կոմպրոմիսային ֆիգուր, որը կարող է Հայաստանում ապահովել անցնցում միջանկյալ մի իրավիճակ: Թե ինչքանով է նրան հաջողվում միջազգային ֆինանսական կարևոր կառույցներում ներկայանալ այդպիսին՝ դժվար է ասել, սակայն որ ֆոնը նման ներկայացումների համար բարենպաստ է՝ անկասկած է: Հատկապես այն դեպքում, երբ եռյակը որոշել է նաև հաջորդ հանրահավաքի օրն ու հայտարարել իշխանափոխության գործողությունների ծրագիր ներկայացնելու մասին: Չնայած սա, բնականաբար, հասարակություն ապահովելու համար է, այնուհանդերձ՝ ինչքան Հովիկ Աբրահամյանի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին Հայաստանում ավելի ու ավելի ահեղ մռնչա իշխանափոխության ուրվականը, այնքան նրա գինը Արևմուտքում կարող է բարձրանալ՝ որպես միջանկյալ լուծում:
Եվ այս տեսանկյունից էլ հետաքրքրական է, որ Աբրահամյանը ցուցադրաբար լռում է ներքին և արտաքին կարևոր զարգացումների մասին, քանի որ կասկածից վեր է, որ անհրաժեշտության դեպքում նա անպայմանորեն կգտներ ինֆորմացիոն դարում իր խոսքը ԱՄՆ-ից ինչ-որ առիթով Հայաստան հասցնելու հնարավորություն, եթե Հայաստանում կամ նրա շուրջ կատարվող որևէ բանում Հովիկ Աբրահամյանը ցանկանար իր, այսպես ասած, մասնակցությունը կամ ներգրավվածությունն ընդգծել:
Սակայն Աբրահամյանը ակնհայտորեն հակառակն է ցանկանում՝ ինչքան հնարավոր է հեռու լինել՝ Արևմուտքի աչքին «չեզոք» երևալու համար: Դատելով նրանից, որ Համաշխարհային բանկի և ԱՄՀ կառույցների հետ հանդիպումներում Հայաստանի հասցեին կոշտ արտահայտություններ չեն հնչել, թեև, իհարկե, դժվար է ասել, թե իրականում հանդիպումների փակ մասում ինչ է խոսվում՝ այս մասին հավանաբար ավելի ուշ հայտնի կդառնա հասարակությանը արտահոսքերի միջոցով, այնուամենայնիվ՝ առայժմ կարծես թե տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան հաջողվել է, ինչը, անկասկած, այդպես չէր լինի, եթե նրա ամերիկյան այցի ընթացքում չլիներ Հայաստանի ստորագրությունը ԵՏՄ-ում և ոչ իշխանական եռյակի ժողովրդական շարժման հռչակումը Հայաստանում:





















