«2012 թվականը հաջողությունների պահպանման տարի էր, քանի որ 2011 թվականը գոնե կարգապահության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենալավ տարին է եղել, ամենաքիչ կորուստներն ենք ունեցել և այս տարի մենք 2011 թվականի արդյունքները պահպանել ենք, դեռ մի քիչ էլ առաջ ենք անցել»,- երեկ Պաշտպանության նախարարությունում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ի դեպ, մինչ ՊՆ որոշ ներկայացուցիչներ գրանտակերության մեղադրանք են ներկայացնում իրավապաշտպաններին, պարզվում է` ՊՆ-ն լայնամասշտաբ ծրագրեր է իրականացնում ԵԱՀԿ-ի հետ: Երեկ ՊՆ-ում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը: Այնուհետև ստորագրվեց ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2013թ. ծրագիրը: Շնորհանդեսի ավարտին «Առաջին լրատվական»-ը զրուցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
– Պարոն նախարար, բանակում մահվան վերջին դեպքի պատճառների մասին տեղյա՞կ եք, ի վերջո` ո՞րն է զինծառայողի մահվան պատճառը:
– Քրեական գործ է հարուցված: Քրեական գործի շրջանակներում աշխատանքները տարվում են: Դրան զուգահեռ պաշտպանության նախարարի հրամանով կազմված է հանձնախումբ, որը որ նաև ծառայողական քննություն է անցկացնում:
– Նախնական տեղեկություններ կա՞ն պատճառների մասին:
– Քանի որ դեռևս չեն ավարտվել դիահերձման և դատաբժշկական փորձաքննության արդյունքները, չեմ կարող ասել:
– Ասացիք` 2012-ը հաջողությունների տարի էր, ավելի հաջող, քան նախորդ տարին: Ստացվում է` մի կողմից դուք հաջողություններ եք արձանագրում, մյուս կողմից` սպանությունների, իրավունքների ոտնահարման և կաշառակերության առումով իրավիճակը բանակում կարծես լճացած է և արմատական փոփոխություններ չկան:
– Զինված ուժերում այսօր իրականացվող բարեփոխումները պարունակում են նաև արմատական փոփոխություններ բոլոր ուղղություններով: Պետք է առնվազն չտեսնել կամ փորձել չնկատել այն հաջողությունները, որոնք որ կան զինված ուժերում:
– Խոսքը հաջողությունների մասին չէ, լճացած իրավիճակի փոփոխության մասին է: Հնարավոր է` մի երկու հաջողություն գրանցվի:
– Ես ել ասում եմ` մի երկու պատահար է գրանցվում, մնացածը բոլորը հաջողություններ են: Մենք այսօր իրականացնում ենք ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության ապահովման ողջ գործընթացը: Եվ պաշտպանության համակարգը օրըստօրե կատարելագործվում է, պաշտպանության համակարգի ձևավորման մեջ իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն զինված ուժերը, այլ բոլոր այն կառույցները, պետական կառավարման մարմինները, որոնք և պետք է զբաղվեն պաշտպանությամբ: Եվ բոլոր ուղղություններով մենք արձանագրել ենք առաջընթաց, նույն կարգապահության ուղղությամբ առաջընթաց: Պարզապես դեպքերը, դրանք այն դեպքերն են, որոնք որ եղել են, և ես չեմ կարող այսօր ասել, որ դրանք գալու են ինչ-որ վերջնական զրոյական վիճակի:
– Այսինքն՝ Ձեր կարծիքով, բանակում արմատական փոփոխություններ արվո՞ւմ են:
– Ի՞նչ է նշանակում արմատական փոփոխություններ: Հիմա որ ես բանակում կատարված արմատական փոփոխությունները ներկայացնեմ, պետք է բանակի ողջ գործունեությունը ներկայացնեմ: Արմատական փոփոխությունները հետևյալն են. դաստիարակչական աշխատանքներն ավելի բարձր հիմքի վրա է դրվում, այսօր դաստիարակչական աշխատանքների իրականացման մեջ լուրջ աշխատանք է կատարվում հրամանատարների ունակությունների, դա արտահայտվում է ռազմակրթական հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ: Հենց այսօրվա միջոցառումներն ուղղված են դրան: Բավականին լուրջ աշխատանք է կատարվում հասարակական ակտիվների ձևավորման, որոնք որ աջակցում են հրամանատարներին` դաստիարակչական աշխատանքներն իրականացնելու: Մեր գործունեությունն ավելի թափանցիկ է դարձել: Այսօր, եթե լինում են դեպքեր, մենք նաև այդ դեպքերի շրջանակներում անմիջապես ներկայացնում ենք հասարակությանը, և բոլոր մարդիկª ըստ իրենց կատարած հանցագործությունների մակարդակի ստանում են համապատասխան տույժերը, համապատասխան պատիժներ: Ընդ որում` և քրեական գործերով, և նաև հրամանատարական ադմինիստրատիվ տույժեր են ստանում: Յուրաքանչյուր դեպքի շրջանակներում կազմվում են միջոցառումների հատուկ պլաններ: Այսօր 2013 թվականի համար զինված ուժերում պլանավորման մեջ հատուկ տեղ ենք հատկացնում արատավոր երևույթների դեմ պայքարին: Փողոցային բարքերի, խոսակցության, այն ամենը, ինչ որ պետք է կատարի ընտանիքը, հասարակությունը, թերթը, հեռուստատեսությունը:
– Եվ ի՞նչ ձևով է դա արվելու, հրամանատարությա՞ն միջոցով:
– Հրամանատարության և մեր ամբողջ սպայական կազմի ուժերով` ընդգրկելով նաև հասարակությանը:
– Իսկ կոռուպցիայի դեմ ավելի կոնկրետ քայլեր կա՞ն:
– Էս աշխատանքները դրա մասին են խոսում:
– Պարոն նախարար, Ձեր կարծիքով՝ այս ձեռնարկները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ, ի զորո՞ւ են նվազեցնել կաշառակերությունը զինված ուժերում և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:
– Այսօր երկու կարևոր փաստաթուղթ մենք ներկայացրեցինք: Առաջինը զինվորական առաջնորդության և զինվորական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկն է, որը հնարավորություն է տալու զինված ուժերին որպեսզի ձևավորվեն առաջնորդներ: Այդ ձեռնարկը հիմնականում այսօր գոյություն ունեցող օրենքների, կանոնադրությունների, տարբեր հրահանգների, զինվորական մանկավարժության հոգեբանության և կանոնադրությունից ծաղկաքաղ արած այն հիմնական ուղղություններն են, որ հնարավորություն է տալիս առաջնորդի ունակություններ ձևավորել հիմնականում հրամանատարական կազմի մոտ, նաև հաշվի առնելով միջազգային փորձը: Երկրորդ ժողովածուն դա զինվորական բարեվարքության նորմերն են և կաշառակերության դեմ պայքարի ուղղություններն են: Իհարկե, դա հնարավորություն է տալու բարձրացնել հրամանատարների և պետերի զինվորական բարեկրթության նորմերը, անձնական օրինակը, և այդ ամենը նպաստելու է, որ իջեցվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր կան զինված ուժերում:
– Կարծում եք` այդ գրքերը կարդալով ավելի բարեկի՞րթ կդառնան մեր գեներալները, հրամանատարները և կհրաժարվե՞ն, օրինակ, կաշառքներից:
– Ընդհանուր առմամբ, ցանկացած գիրք միայն կարդալով չի հասնում իր վերջնական նպատակին: Այն գործնականորեն պետք է կիրառվի և համապատասխան պետք է իրականացվի զինված ուժերի ղեկավարության կողմից: Այդ ամենը մենք նախատեսել ենք, պլանավորել ենք և այսօր էլ առաջարկությունների մեջ նշվեցին պահեր, և պետք է համագործակցել նաև հրամանատարության և անձնակազմի դաստիարակությամբ զբաղվող օղակների հետ, համեմատություններ կատարել նախկինում եղածի հետ, և թե ինչ փոփոխություններ այսօր կան ԵԱՀԿ գրասենյակի աջակցության շնորհիվ: Կարծում եմ, որ անպայման փոփոխություն լինելու է:








































