Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի աշխատանքին խանգարում է ճանապարհների վատթար վիճակը: «Հիվանդին հասնելու մատչելիությունը մեզ համար դժվարություն է ներկայացնում, հատկապես ձմեռային սեզոնին` ձյան միջով, Գավառի դարուփոս ճանապարհներով»,- ասում է Գավառի շտապ բժշկական օգնության կայանի բժիշկ Տիգրան Մարգարյանը: Բացի սրանից, շտապօգնությունը չունի անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մեքենաներ: Երեք գազելներով օրական միջինը 15-16 կանչ է սպասարկվում: Շտապ բժշկական օգնության ծառայության վերլուծությունը ցույց է տվել, որ կանչերի գերակշիռ մասը կազմում են սիրտանթային, շնչառական և նյարդային հիվանդությունների դեպքերը: Կայանում հերթապահում է շտապօգնության չորս բրիգադ, որոնցից մեկում բժիշկ-մասնագետի տեղը թափուր է: Պատահել է, որ հերթապահող բրիգադը աշխատել է առանց բժշկի: 2010 թվականի ընթացքում շտապօգնության կայանում գրանցվել է շուրջ 4,000 կանչ:









































