Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է իր թունիսցի գործընկեր Համադի Ալ-Ջիբալիի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է իր աշխատասենյակում երկու գաղնտալսող սարք հայտնաբերելուն:
Էրդողանն անհնար է համարել, որ դա կարող է իրականացրած լինի «խորքային պետությունը»՝ ընդգծելով, որ Թուրքիայում ամբողջովին վերջ է տրված դրա գոյությանը: Էրդողանը հավելել է, որ յուրաքանչյուր երկրի ներսում էլ առկա է «խորքային պետություն»՝ այն նմանեցնելով վիրուսի, որն ի հայտ է գալիս հարմար պահին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «խորքային պետության» գոյության մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է 1974 թվականի սեպտեմբերի 26-ին տվյալ ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջևիթի կողմից Գիրեսունում:
Մեկ այլ տեսության համաձայն` «խորքային պետության» արմատները ձգվում են մինչև Օսմանյան կայսրության անկման դարաշրջան` Teşkilât-ı Mahsusa (Հատուկ կազմակերպություն): Այս տեսակետի աջակիցների թվում է նաև Էրդողանը: «Խորքային պետությունը» իրականում երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մի մեխանիզմ է, որում ընդգրկված են կուլիսներում համապատասխան աշխատանքին լծված զինվորական, դատական ու բյուրոկրատական ընտրանու ներկայացուցիչները:
Նրանք տարբեր ոլորտներում կողմնակիցներ ենհավաքագրում և փորձում են ազդել երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադարձությունների վրա: Այդ ամենն իրականացվում է ապօրինի կերպով. Շատ դեպքերում գործի է դրվում շանտաժն ու վախի մթնոլորտ ստեղծելը:
«Խորքային պետության» կողմնակիցները նման եղանակներով իրենց կարծիքը փաթաթում են մյուսների վզին:








































