Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ազատ ստեղծագործողներ Սուրեն Շահվերդյանը և Արա Դեղտրիկյանը խոսեցին անցնող 2012 թվականի ձեռքբերումների, ազատ ստեղծագործող արտիստի առաջ ծառացած հիմնախնդիրների մասին:
Արա Դեղտրիկյանի խոսքով՝ ներկայում դաշտը ազատ է ստեղծագործողների համար, սակայն հարցն այն է՝ ինչ ստեղծագործողի համար է այն ազատ: «Եթերը պետք է մաքրվի»,- ասաց նա:
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի խոսքով՝ ինքը «լավ օրից չէ, որ ազատ ստեղծագործող է համարվում», քանի որ «մի կերպ, լուրջ դժվարություններով ու անասելի չարչարանքով» է կարողացել մասնակցել Շտուտգարտի փառատոնին:
Նրա համար 2012թ. ձեռքբերումը այս ու Քիշնևի փառատոնին մասնակցությունն էր և իրական պատմության հիման վրա հոգեբանի օգնությամբ բեմադրված մի ներկայացում, որի համար «ինքը չի կարողանում բեմահարթակ գտնել` ներկայացումը բեմադրելու»:
Նրա խոսքով ՝ լուրջ արվեստին աջակցություն է անհրաժեշտ, իսկ անտերպրիզային թատրոնին աջակցություն պետք չէ: «Լուրջ արվեստն ինքնուրույն չի կարող գոյատևել»,- ասաց Շահվերդյանը:
Ռուբեն Բաբայանը ներկայում ավելի շատ ուրախանում է իր աշակերտների ձեռքբերումներով: Թե տարին որքանով էր նշանակալից հայկական թատրոնների համար` բանախոսները դժվարացան նշել որևէ հիշարժան ներկայացում կամ դեպք:
«Շատ անսպասելի ներկայացում չեմ տեսել այս տարի»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ այսօր տաղանդներին պետք է ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, հակառակ դեպքում ուշ կլինի: «Չփորձենք միանգամից վատ պայմաններ ապահովել նրանց համար, տանք սխալվելու հնարավորություն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հայկական հեռուստաեթերը ողողած սերիալներին, ապա ըստ նրա` «այսօր, ցավոք, թատրոնը սերիալի մակարդակի է»:
Արա Դեղտրիկյանը ևս համաձայնեց վերոնշյալ դիտարկման հետ` նշելով, որ միակ դրական բանը այն է, որ դերասանները սերիալում գումար են վաստակում, որ դերասանը զբաղված է: «Ուրիշ հարց է, որ շատ խնդիրներ կան որակի առումով»,- ասաց նա:










































