Ադրբեջանի Յասամալ ընտրական տեղամասում գրանցված անկախ թեկնածու Նեհմատ Պանախլին ինքնաբացարկ է հայտարարել, այս մասին հաղորդում է Turan գործակալությունը: «Ես ինքնաբացարկ եմ հայտարարել հոկտեմբերի 30-ին, քանի որ հայտնի էր դարձել, որ իշխանությունները նախատեսել են այս ընտրատարածքում անցկացնել իրենց թեկնածուին»,- ասել է նախկին թեկնածուն: Աղբյուրի փոխանցմամբ, նախկին թեկնածուն հայտնել է ազգային միասնությանը միտված հերթական շարժման ստեղծման մասին ու հավելել. «Իրականում Ադրբեջանում չկա քաղաքական կուսակցություն, այլ կա միայն ազգի դավաճանների կուսակցություն»: Ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն կոչով դիմել է Իլհամ Ալիեւին` հորդորելով վերջ տալ իր ընտանիքի նկատմամբ կատարվող ճնշումները, քանի որ դա «տղամարդավարի չէ»: