Ադրբեջանական salamnews.org կայքի հաղորդմամբ, թուրք պաշտոնաթող գեներալ, TÜRKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ռազմա-քաղաքական վերլուծաբան Հալդուն Սոլմազթյուրքն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.
«Հայաստանի ղեկավարությունը գիտակցաբար թեժացնում է Լեռնայի Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, որպեսզի դրանով իսկ մեղմացնի իր երկրում առկա ժողովրդական հուզումների ալիքը: Սակայն դա հաջողություն չի բերի նրան:
Միևնույն ժամանակ ես չեմ ակնկալում, որ ներկայիս պայմաններում իրադարձությունները կարող են զարգանալ ռազմական ճանապարհով:
Հակամարտության գոտում զինադադարի մասնակի խախտման դեպքերը չեն կարող գործը հասցնել պատերազմի:
Տարածաշրջանում առկա են նաև այլ երկրների շահերը, որոնք անում են հնարավոր ամեն ինչ` պատերազմի վերսկսումը կանխարգելելու համար:
Բացի այդ, հայ քաղաքական գործիչները գիտակցում են, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ պատերազմն այդ երկրի համար: Պատերազմը շահավետ չի լինի Հայաստանի համար. այդ երկրի քաղաքական դրությունը ծանր վիճակում է, այն բռնկված է ժողովրդական հուզումներով»:
Հիշեցնենք, որ պատերազմի վերսկսման դեպքում վտանգի տակ կհայտնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի անվտանգ գործունեությունը, որոնք Եվրոպան (և ոչ միայն) սնում են ադրբեջանական և միջինասիական ածխաջրածիններով: