«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եռյակի նիստից հետո հայտարարեց, որ վաղվա իրենց հանրահավաքին կմասնակցեն և, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենան իրենց երեք ուժերի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ վաղը առավոտյան հրապարակվելու է իշխանություններին ուղղված իրենց 12+1 կետերի կատարման գնահատականը։ Ռ.Հակոբյանը չհստակեցրեց, թե արդյոք վաղը հրաժարականի պահանջ կամ ո՞ւմ հրաժարականի պահանջը կհնչի:
Նա ասաց, որ իրենք սկսելու են ամբողջական իշխանափոխության գործընթաց։ Ռ.Հակոբյանը նաև չհստակեցրեց, թե վաղվանից սկսած լինելո՞ւ է շուրջօրյա հանրահավաք, թե՞ ոչ, կամ վաղը գիշերը մնալո՞ւ են հանրահավաքի վայրում, բայց խոսքի մեջ ակնարկեց, որ Ազատության հրապարակում գիշերը գուցեև մարդիկ մնան։
Լրագրողների դիտարկմանը, թե հանրապետական պատգամավորները չեն հավատում իշխանափոխության մասին իրենց հայտարարություններին, ակնկալում են այդ մասին եռյակի լիդերների հայտարարությունը, Ռ.Հակոբյանը պատասխանեց, թե այդ դեպքում նրանք թող գան հրապարակ և անձամբ լսեն ելույթները։
Իդեպ, վաղը 12+1 կետերի գնահատականը տրվելու է ոչ թե քառյակի, այլ եռյակի կողմից: ՀՅԴ-ն այդ գնահատականին չի միանալու։ Դա որոշվել է այսօր և տեղյակ է պահվել ՀՅԴ-ին, որը դեմ չի եղել։
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե այդ դեպքում ՀՅԴ-ն արդյոք դո՞ւրս է գալիս քառյակից, և իրենք դառնում են եռյա՞կ, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նման բան չի ասի։