Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի, որը դեկտեմբերի 11-ին Կուբայում բարդ վիրահատության է տարել, առողջական վիճակում նկատվում է «թեթև բարելավում»: Այս մասին հայտնի է դարձել հատուկ ամփոփագրից, որը երկուշաբթի օրը տեղի բոլոր հեռուստաալիքների ուղիղ եթերում կարդացել է կապի նախարար Էրնեստո Վիլյեգասը,- հայտնում է ITAR-TASS-ը:
«Վենեսուելայի կառավարությունը ժողովրդին կոչ է անում ամանորյա տոները նշել ներդաշնակության և եղբայրության մթնոլորտում՝ հավատով և լավատեսությամբ նայելով հայրենիքի ապագային և միասին աղոթելով նախագահ Չավեսի առողջության համար,- ասված է ամփոփման մեջ:- Նախագահը պահպանում է բժիշկների ասած բացարձակ հանգիստը: Հիվանդի առողջական վիճակում նկատվում է թեթև բարելավում՝ դրական շարժի ֆոնին: Նախագահը մշտապես կապի մեջ է իր մտերիմ հարազատների հետ: Նա վերլուծել է դեկտեմբերի 16-ին անցկացված շրջանային ընտրությունների արդյունքները, նրան մշտապես տեղեկացնում են երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Նախագահ Չավեսը հրահանգել է վենեսուելացիներին, հատկապես երեխաներին՝ կառուցվող նոր հայրենիքի հետնորդներին, ուրախ Ամանորի մաղթանք փոխանցել»։
Դեկտեմբերի սկզբին Չավեսը հայտնեց, որ ստիպված է նորից Կուբա մեկնել, որովհետև ևս մեկ վիրահատության կարիք ունի՝ քաղցկեղային ուռուցքը հեռացնելու համար: Բժիշկները հայտնել են, որ նրա թվով 4-րդ վիրահատությունը տևել է 6 ժամ և ուղեկցվել է բարդությամբ՝ արնահոսությամբ, որը վիրաբույժներին հաջողվել է դադարեցնել: Այնուհետև կառավարությունը ժողովրդին տեղեկացրել է, որ հիվանդը շնչուղիների վարակ ունի, սակայն նրա վիճակը գնահատվում է որպես «կայունացման առաջադիմական գործընթաց»:










































