Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Բենիկ Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
42-ամյա Բենիկը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան Բենիկն իր տանը 2008 թվականին ծնված 5-ամյա դստեր նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ երեխային պառկեցրել է մահճակալին, հանել է նրա շալվարն ու ներքնազգեստը, հանել է նաև իրենը և անառակաբարո գործողություններ է կատարել:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսի 22-ին տանը կնոջ հետ վիճաբանության ժամանակ Բենիկը դանակը պահել է կնոջ որովայնին ու սպառնացել է սպանել նրան:
2014 թվականի փետրվարի 19-ին տրված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Բենիկը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, սակավամտություն»:
Ընդհանուր իրավասության դատարանը գործի դատական քննության ընթացքում նշանակել է կրկնակի դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն:
Համաձայն այդ փորձաքննության եզրակացության՝ Բենիկը ճանաչվել է անմեղսունակ: Նա տառապում է «Վաղ օրգանական ախտահարումով պայմանավորված մտավոր թերզարգացմամբ, անձի և վարքի խանգարումներով՝ մանկական ցերեբրալ պարալիչով:
Ըստ այս փորձաքննության եզրակացության՝ հանցավոր արարքները կատարելու պահին փորձաքննվողը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու ունակությունից: Իր ներկա հոգեկան վիճակով Բենիկ Հ.-ն կարիք ունի հսկողության, խնամքի և հարկադիր բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Հիմք ընդունելով դատահոգեբուժական կրկնակի փորձաքննության եզրակացությունը՝ ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Բենիկ Հ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ տեղավորելով նրան հոգեբուժական հաստատությունում՝ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում: