Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Եվրասիական միությունը դանդաղ գործողության ական է ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարի համար. Ռուբեն Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, օրերս հրապարակվեցին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծն ու պայմանագրի հավելվածները: Այս պայմանագիրն ու Մաքսային միության օրենսդրությունը համադրելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում պետք է մաքսային անցակետ տեղակայվի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ վտանգներով է լի, ըստ Ձեզ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա միասնական ֆինանսա-տնտեսական տարածքի և անվտանգության ընդհանուր միջավայրի խախտումը:

-Ես ավելի հակված եմ, որ չմտնենք բացառապես մասնագիտական և առարկայական քննարկումների մեջ, այսինքն՝ մաքսակետ կլինի՞, թե՞ չի լինի, այլ հարցը քննենք առավել գլոբալ զարգացումների ներքո:

Ներկայումս աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք, թե ինչպես ազգային պետությունները ենթարկվում են երկու իրար հակառակ գործընթացների` փլուզման էթնիկական հողի վրա կամ էլ տարրալուծման տարածաշրջանային ավելի մեծ քաղաքական միավորումների մեջ: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը ընտրեց վերջինը, այն դեպքում, երբ Հայոց պետականության համար այսօր գերխնդիր է պահպանել ինքնիշխանությունն ու սեփական ազգային պետության դիմագիծը՝ խուսափելով որևէ վերպետական տարածաշրջանային կառույցի մեջ ձուլվելուց:

ՀՀ իշխանությունները թույլ տվեցին ռազմավարական կոպտագույն սխալ, մինչդեռ պարտավոր էին կանխատեսել զարգացումների նման ընթացքը:

Առանց գնահատական տալու և քննարկելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ ԵՏՄ-ին անդամակցելու առավելություններն ու բացասական կողմերը՝ պետք է գրանցենք, որ ՀՀ նախագահի անսպասելի որոշումը՝ միանալու ԵՏՄ-ին ԵՄ-ի հետ երկարատև (շուրջ չորս տարի) բանակցություններից հետո առաջին հերթին մեծ հարված հասցրեց Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին ու հեղինակությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր մաքսակետին, ապա միայն այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է մի վերպետական կառույցի՝ ԵՏՄ-ին, առանց ԼՂՀ-ի, թեև «տնտեսական» անվամբ (ԵՄ-ն նույնպես հիմնադրվեց որպես «տնտեսական» միություն)՝ անորոշ և չկարգավորված թողնելով ՀՀ ապագայի համար կենսական մի այնպիսի խնդիր, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, ուղղակի դանդաղ գործողության ական է հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարի համար: Այնպես որ, այստեղ պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ բացի տնտեսական հետևանքներից՝ ՀՀ այս որոշումը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ:

– Հոկտեմբերի 10-ի վերաբերյալ, երբ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրությունը, տարբեր սցենարներ են քննարկվում: Դրանցից մեկի համաձայն Ղազախստանը կտապալի ՀՀ անդամակցության գործընթացը, մյուս տեսակետի համաձայն՝ ՀՀ իշխանությունները կխուսափեն այդ անդամակցությունից, երրորդ սցենարն էլ անդամակցությունն է: Սեպտեմբերի 3-ի որոշումն իրականում երկարաժամկետ ռազմավարական որոշո՞ւմ էր, ի վերջո, թե՞ կարժաժամկետ սպառնալիքները չեզոքացնելու որոշում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ սպասել հոկտեմբերի 10-ին:

– ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը մինչև վերջերս պատված էր գաղտնիության շղարշով, անորոշությամբ, ինչն էլ ավելի սրեց հասարակության թերահավատությունն ու անվստահությունը կայացրած որոշման նկատմամբ: Այսօր էլ ՀՀ ԵՏՄ անդամակցության գործընթացի մասին հայ հասարակությունը տեղեկանում է ռուսական աղբյուրներից կամ պաշտոնյաներից` սեփական իշխանություններից հստակ հիմնավորում և պարզաբանումներ ստանալու փոխարեն:

Գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ին միանալու ՀՀ նախագահի որոշումը միանձնյա որոշում էր և կայացվել է հապճեպ` «մեկ օրվա ընթացքում»: Որոշման կայացման ձևը՝ առանց քաղաքական կուսակցությունների հետ, առանց Ազգային անվտանգության խորհրդում քննարկումներ անկացնելու, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, լուրջ մտորելու տեղիք է տալիս: Հոկտեմբերի 10-ի վերաբերյալ ցանկալի կլիներ, որ ՀՀ քաղաքացիներին բացատրություններ տային մեր իշխանությունները…

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է Հայաստանի վճռականությունը՝ զարգացնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, և քանի որ Հայաստանը զբաղված էր եվրասիական ինտեգրացիայով, որի հետ կապված որոշ հարցեր անորոշ էին, անորոշ էր նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Ըստ Ձեզ՝ միանալով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին՝ մենք կարողանալո՞ւ ենք իսկապես քաղաքական հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ:

-Իհարկե՝ ոչ, որովհետև փոխվել են խաղի կանոնները: Այսօրվա աշխարհը 5 կամ առավել ևս` 10 տարի առաջ գոյություն ունեցող աշխարհը չէ: Եվրոպան կշարունակի կապերը ՀՀ-ի հետ, սակայն դրանք այլևս չեն կարող լինել նույնը: Բայց Արևմուտք-Ռուսաստան «սառը պատերազմի» ոգով դիմակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում, որ Հայաստանը կկարողանա զարգացնել «քաղաքական հարաբերություններ» ԵՄ-ի հետ կամ ընդհանրապես որևէ անկախ միջազգային լուրջ դերակատարություն կունենա: Կարծում եմ, որ սա պարզապես բարի ցանկությունների ոլորտից է, որը ոչ մի իրատեսական հիմք չունի:

Մեր տարածաշրջանում տեղի է ունենում ֆրագմենտացում. Վրաստանը՝ մի կողմ, Հայաստանը՝ մեկ այլ, իսկ Ադրբեջանը դեռ փորձում է խուսափել հստակ որոշում կայացնելուց` խաղալով երկու կողմերի շահերի և հետաքրքրությունների վրա` բացառապես էներգակիրների ոլորտում: Նկատի ունեցեք նաև Բաքու-Թբիլիսի-Անկարա՝ արդեն իսկ տարբեր նախագծերի տեսքով գործնական արդյունքներ տվող եռանկյունին: Որոշ ժամանակ Բաքուն կկարողանա պահել ներկայիս քաղաքականությունը, որից հետո այդ քաղաքականությունը կսպառվի: Հասկանալով սա՝ Ադրբեջանը ջղաձիգ շարժումներ է անում միջազգային ասպարեզում: Իսկ ՀՀ-ի դեպքում միջազգային օղակը առավել պինդ է սեղմվել ու շարունակում է սեղմվել, քանի դեռ մենք գործում ենք առանց արտաքին քաղաքական հստակ ռազմավարության:

Ներկայումս ստեղծված միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում մենք արդեն չենք կարող առաջնորդվել տարիներ առաջ վարած «կոմպլեմենտար» քաղաքականության վատ կրկնօրինակումով: Եթե մենք ինքներս մեզ ցանկանում ենք մոլորեցնել, ապա դա այլ խնդիր է, իսկ եթե իրատեսորեն մոտենանք, ապա այսօր միանգամայն նոր՝ Հայաստանի համար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:

-Դուք նշեցիք, որ Ադրբեջանն իր ռեսուրսների շնորհիվ է կարողանում խաղ տանել, սա չի՞ ապացուցում, որ Հայաստանը չուներ ընտրության այլ հնարավորություն ռեսուրսների, լծակների բացակայության պատճառով:

– Իհարկե, ուներ: Ռեսուրսը ոչ միայն բնական պաշարներն են, այլ նաև պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը: Քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և այլ ռեսուրսները ստեղծում են մարդիկ, որոնք ինքնակազմակերպվում են սեփական պետության մեջ` փորձելով հզորանալ ու զարգանալ այն աստիճան, որ առավելապես ինքնուրույն տնօրինեն սեփական պետական կյանքը: Արդյոք մենք կառուցե՞լ ենք այնպիսի ժողովրդավարական կառավարման համակարգ, որը կապահովեր նման կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտ լեգիտիմությունը: Արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք մեր ինքնուրույնության առանց այդ էլ վերջին նշույլները հանձնել օտար ու վերպետական միավորի: Արդյոք, առանց այդ էլ մեր անկախության աստիճանը կաթիլ-կաթիլ զիջելով, հիմա էլ ցանկանում ենք դրա վերջին մնացորդնե՞րը զիջել այն ժամանակ, երբ կտրուկ սրվել է աշխարհաքաղաքական պայքարը, և երբ դեռ ունենք չկարգավորված ԼՂ հակամարտություն:

Մենք ընտրության հնարավորություն ունեինք 4 տարի առաջ, երբ կարող էինք մեր եվրոպացի գործընկերներին անկեղծ ասել, որ ունենք խնդիրներ և հայ-թուրքական փակ սահման, որը նրանք այդպես էլ չկարողացան բացել: Պետք է պնդեինք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձևաչափով, նոր մոտեցումներով, հաշվի առնելով ԼՂ հիմնախնդիրը, ՌԴ-ի վերաբերմունքը և այլն: Իսկ ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին մենք շատ հիմնավոր փաստարկ էինք բերել` ընդհանուր սահմանների բացակայությունը:

Մեր խնդիրները հասկացնելով՝ պետք է փորձեինք մանևրել և պահպանել մեր ինքնիշխանությունը: Մենք, անշուշտ, ի վիճակի էինք խուսափելու ստեղծված իրավիճակից, եթե ՀՀ իշխանությունները իրենք իրենց չդնեին ընտրություն կատարելու (Արևմո՞ւտք, թե՞ Արևելք) անհեռանկարային և վտանգավոր փակուղու առջև:

-ԵՄ-ի հետ գուցե հնարավոր էր անկախության վերջին կաթիլները պահպանել, Ռուսաստանի հետ դա հնարավո՞ր էր, երբ ՌԴ-ն սովորաբար բիրտ ուժ է կիրառում: Չէ՞ որ Ուկրաինան մեզ համար հիանալի օրինակ է, մենք տեսանք, թե ինչ պատահեց Ուկրաինայի հետ, երբ Ուկրաինան հստակորեն հրաժարվեց ռուսական առաջարկներից:

– Մենք ինքներս դրեցինք մեզ այդ փակուղային իրավիճակի մեջ` չունենալով հստակ արտաքին քաղաքական ռազմավարություն: Մենք հայտարարում էինք, որ Եվրոպան մեր կարևորագույն գործընկերն է, մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, այնինչ իրականում այլ բան էինք անում, բոլոր լծակները` տնտեսական, քաղաքական, հանձնում էինք Ռուսաստանին, որով եկանք-հանգեցինք մի իրավիճակի, երբ այլևս անկարող դարձանք խուսանավել այդ երկու միավորների միջև:

Երկրի հատկապես արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը կանխատեսելը, կանխորոշելն ու կանխարգելելն է: Սա մենք պետք է անեինք դեռևս մի քանի տարի առաջ, երբ Եվրոպայի հետ բանակցություններ էինք սկսում: Իսկ ՀՀ ՄՄ անդամակցության որոշման կայացման այս ընթացակարգից տուժեց ՀՀ միջազգային հեղինակությունն ու վարկը: Դա անխուսափելի էր, քանի որ արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականության հետ, արտաքին քաղաքականությունը պարզապես սկսվում է տանը: Մեզանում ներքաղաքական տրամաբանությունը ակնհայտորեն տեղափոխվել է արտաքին ոլորտ: Ցավալիորեն, առանց արտաքին քաղաքականության` մեր դիվանագիտությունը սկսել է «սպասարկել» ոչ թե պետության, այլ ներկայիս իշխանությունների շահերը:

-Այս սխալներն ուղղելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

-Այն մարդիկ, ովքեր ներկայումս պատասխանատու են ՀՀ արտաքին քաղաքականության համար, չեն կարող այս սխալներն ուղղել: Որոշումը կայացվել է, և կարծում եմ` յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի միայն կարող է իր դիրքորոշումն արտահայտել և բարձրաձայնել իր տեսակետը Հայոց պետականության համար այս բախտորոշ հարցի վերաբերյալ: Դրա համար կամ բազմաթիվ մեթոդներ և միջոցներ: Այս իշխանությունները անգամ խիզախություն չունեցան ԵՏՄ-ին ՀՀ միանալու հարցը ժողովրդական հանրաքվեի դնելու:

Անկախությունը չի տրվում ժողովուրդներին ի վերուստ, դրա համար նրանք երկարատև պայքարի ճանապարհ են անցնում: Մենք պետք է անհապաղ սկսենք «կաթիլ կաթիլ» հետ վերցնել այս տարիների ընթացքում զիջած մեր անկախությունը և առաջին հերթին` սեփական երկրի ներսում, որպեսզի այնուհետև կարողանանք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել` հիմնված պետական և ազգային շահերի վրա: Սա առաջնային խնդիր է:

-Պարոն Կարապետյան, օրերս ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց պատրաստել մի հակահայկական վերտառությամբ զեկույց՝ «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանից օկուպացված մի շարք տարածքներում»: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն դուրս գալիս իր իրավասությունների սահմաններից, և ինչո՞ւ է հայկական պատվիրակությունն այդ ամբիոնում շարունակաբար անհաջողություն գրանցում:

-Սա նորից շատ ավելի լայն գործընթացների արդյունք է: Ի դեպ, զեկույցը սխալ է թարգմանվում, իրականում խոսքը ոչ այնքան բռնությունների, որքան լարվածության մասին է, որովհետև բնօրինակում նշվում է անգլերեն «tension» բառը: Զեկույցի նախագծի թե’ վերնագիրն է խայտառակ, և թե’ տեքստը: Սա ևս մեր պաշտպանվողական արտաքին քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանը պարզապես հաջողում է իր պարզունակ հարձակողական արտաքին քաղաքականության մեջ: Ռազմավարության բացակայության պատճառով Հայաստանը մշտապես պաշտպանվողի դերում է գտնվում: Ադրբեջանը և’ երկկողմ, և’ բազմակողմ հարթություններում, թույլ կետեր գտնելով, սկսում է աշխատել դրանց վրա՝ հետևողականորեն աշխարհին փորձելով համոզել, որ «իր տարածքները օկուպացված են», իսկ «Հայաստանն էլ ագրեսոր է»: Մի թույլ կետը բազմակողմ մակարդակով` ԵԽԽՎ-ն է, իսկ երկկողմում` Իտալիան, ուր վերջերս ընդունվեց Ռազմավարական համագործակցության հռչակագիրր Իտալիայի և Ադրբեջանի միջև, որում նշվում էր երկու երկրների «առավել սերտ համագործակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիմունքների վրա»: ՀՀ թույլ տված դիվանագիտական այդ սխալներից օգտվելու է Ադրբեջանը, ինչն անկասկած բացասական ազդեցություն է ունենալու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման վրա:

Գալով նորից ԵԽԽՎ-ին, հանուն արդարության պետք է նաև նշել, որ ԵԽԽՎ-ն «ծեծում» է նաև Ադրբեջանին, հատկապես վերջին շրջանում` մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր փաստաթղթեր ընդունելով և քննարկումներ նախաձեռնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում