Վրացական apsny.ge կայքի հաղորդմամբ, «Մեր Վրաստան-ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան Բրյուսելում կայացած՝ անվտանգության շուրջ միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:
Հանդիպման ժամանակ վրաց կուսակցապետը նշել է, որ ներկայումս տարբեր երկրներում ընթացող հեղափոխական շարժումներն առաջին հերթին պայմանավորված են անցկացված անարդարացի ընտրություններով.
«Այժմ ԱՄՆ-ը սպասում է, որ վրացական իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության հասնեն, հակառակ դեպքում ընտրությունները ոչ ժողովրդավարական կորակվեն թե´ երկրի ներսում, թե´ երկրից դուրս»:
Ֆիլիպ Գորդոնն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը մեծ կարևորություն է տալիս Վրաստանում կայանալիք ընտրություններին.
«Շատ կարևոր է, որ վրացական կառավարությունն ակտիվորեն ներգրավվի բազմակուսակցական ընտրական գործընթացում: Մենք ձգտում ենք, որ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը արժանանան միջազգային հանրության հավանությանն ու աջակցությանը: Մենք կարծում ենք, որ Վրաստանի կառավարությունը կաջակցի դրան»:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2012 թվականին: