Մոլդովայի խորհրդարանn արգելել է համաներում շնորհել մանկապղծության համար դատապարտվածներին: Այս օրինագիծը խորհրդարանականներn ընդունել են դեկտեմբերի 21-ին` 2-րդ ընթերցմամբ:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով` այդ կատեգորիայի հանցագործների ժամկետից շուտ ազատ արձակումը չի նպաստում նրանց վերադաստիարակությանը, այլ հակառակը՝ խրախուսում է նրանց ագրեսիվ վարքագիծը:
Օրինագծում նշվում է, որ համաներման չեն կարող ենթարկվել անչափահասների նկատմամբ բռնություն կատարելու, 16 տարին չլրացած անձանց հետ սեռական հարաբերություններ ունենալու և երեխաներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար դատապարտված հանցագործները:
Մինչ այս տեղական օրենսդրությունը թույլ էր տալիս մանկապիղծներին համաներում շնորհել
Դեկտեմբերի 21-ին երկրորդ ընթերցմամբ պատգամավորները ընդունել են նաև մանկապղծության համար դատապարտվածներին հետագայում որպես ուսուցիչներ աշխատելն արգելելու մասին օրինագիծը:
Ավելի վաղ Մոլդովայում օրինականացված էր քիմիական ամորձատումը (այնպիսի դեղորայքի կիրառում, որը նվազեցնում է սեռական ցանկությունը և բացառում է սեռական հարաբերություն ունենալու հնարավորությունը), որը կիրառվում էր որպես սեռական բռնություն կատարելու պատժամիջոց: Երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացրած հանցագործները պարտադիր կենթարկվեն քիմիական ամորձատման:
Օրինագծի հեղինակ, պատգամավոր Վալերի Մունտյանուի կարծիքով՝ այդ պատժամիջոցն, ի թիվս այլ ազդեցությունների, կունենա նաև կանխարգելիչ ազդեցություն: Քիմիական ամորձատման ենթարկվելու սպառնալիքը նման հանցագործություն կատարելու «ցանկությունը կնվազեցնի»:











































