Ադրբեջանական news.az կայքի հաղորդմամբ, ԱՄՆ ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված Կոնգրեսի սեմինարում քննարկվելու են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ու Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդիրները:
Սեմինարի ժամանակ ելույթ են ունենալու 3 ադրբեջանական խորհրդարանականներ` Ասիմ Մոլլազադեն, Ռասիմ Մուսաբեյովը և Ջեյհուն Օսմանլին, ինչպես նաև ԱՄՆ ադրբեջանական համայնքի առաջնորդներ Ադիլ Բագիրովը և Բեդիր Մեմեդլին:
Քաղաքական վերլուծաբանները և պաշտոնատար անձինք անդրադառնալու են տարածաշրջանային անվտանգության ու կայունության առջև կանգնած մարտահրավերներին:
Մուսաբեյովի խոսքերով, դեռևս պահպանվում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները: Իսկ Մոլլազադեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են հավատալ նրան, որ Հայաստանը կոնկրետ քայլեր կձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ.
«Մենք նաև հուսով ենք, որ այսուհետ ԱՄՆ-ը կշարունակի իր քաղաքականությունը` առաջնորդվելով ոչ թե Հայկական սփյուռքի, այլ` հենց իր շահերով»: